9 մարտի 2026 – 14:20 AMT
PanARMENIAN.Net – Մարտի 9-ին Թեհրանում տեղի կունենա Իրանի նոր գերագույն առաջնորդ այաթոլլա Մոջթաբա Հոսեյնի Խամենեիին երդման արարողությունը: Այն կանցկացվի Էնգելաբ հրապարակում։ Այդ մասին հայտնել է Իսլամական քարոզչության համակարգող խորհուրդը։
«Թեհրանի բնակիչների հավաքը՝ Իրանի նոր գերագույն առաջնորդ այաթոլլա Մոջթաբա Հոսեյնի Խամենեիին հավատարմության երդում տալու համար, կսկսվի ժամը 15։00-ին (Թեհրանի ժամանակով) Էնգելաբ հրապարակում», -ասվում է խորհրդի հայտարարության մեջ, հայտնում է ՌԻԱ Նովոստին Fars գործակալության վրա հղումով:
Ավելի վաղ Իրանի փորձագետների խորհուրդը հաստատել է, որ Մոջթաբա Խամենեին՝ ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածների հետևանքով զոհված այաթոլլա Ալի Խամենեիի որդին, ընտրվել է Իսլամական Հանրապետության նոր գերագույն առաջնորդ։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Իրանի նոր հոգևոր առաջնորդին ընտրվելու կապակցությամբ:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մարտի 8-ին The Times of Israel-ին հայտնել է, որ Իրանի դեմ պատերազմի ավարտի վերաբերյալ որոշումը կլինի «փոխադարձ», և այն կընդունվի Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ միասին։
Կարճ հեռախոսազրույցի ընթացքում Թրամփը նաև հայտարարել է, որ եթե ինքը և Նեթանյահուն չլինեին, Իրանը կկործաներ Իսրայելը։
«Իրանը պատրաստվում էր ոչնչացնել Իսրայելը և դրա շուրջ գտնվող ամեն ինչ… Մենք միասին ենք աշխատել։ Մենք ոչնչացրել ենք մի երկիր, որը ցանկանում էր ոչնչացնել Իսրայելը»,-ասել է նա:
ԱՄՆ նախագահիից նաև հետաքրքրվել են՝ արդյոք Իրանի հետ պատերազմի ավարտի մասին որոշումը նա կընդունի միայնակ, թե Նեթանյահուն նույնպես խոսք կունենա այդ հարցում։
«Կարծում եմ՝ դա փոխադարձ է… որոշ չափով։ Մենք խոսել ենք։ Ես ճիշտ պահին որոշում կընդունեմ, սակայն հաշվի կառնվի ամեն ինչ»,- պատասխանել է նա՝ նշելով, որ Նեթանյահուն կունենա իր տեսակետը, բայց վերջնական որոշումը կընդունի ԱՄՆ նախագահը։
Հարցին, թե արդյոք Իսրայելը կարող է շարունակել պատերազմը Իրանի դեմ նույնիսկ այն դեպքում, երբ ԱՄՆ-ն դադարեցնի իր հարվածները, Թրամփը հրաժարվել է մանրամասնել նման սցենարը՝ հավելելով. «Չեմ կարծում, որ դրա անհրաժեշտությունը կլինի»։
Թրամփը փորձել է խուսափել պատերազմի համար կոնկրետ ժամկետ նշելուց, սակայն Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը հայտարարել էր, որ Վաշինգտոնը ակնկալում է, որ այն կտևի չորսից վեց շաբաթ։
The Times of Israel-ին տված պատասխաններում Թրամփը նաև ակնարկել է, որ Նեթանյահուն զգալի ազդեցություն ունի իր որոշումների վրա Իրանի դեմ պատերազմում, որը ԱՄՆ-ն և Իսրայելը սկսել են համատեղ՝ փետրվարի 28-ին իրականացված հարվածով, որի հետևանքով սպանվել է Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին։
Հեռախոսազրույցը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Իրանի պետական լրատվամիջոցները հայտնել են, որ երկրի փորձագետների խորհուրդը նոր գերագույն առաջնորդ է ընտրել Խամենեիի որդուն՝ Մոջթաբային։ Դրանից ժամեր առաջ Թրամփը ABC News-ին ասել էր, որ Իրանի հաջորդ առաջնորդը «երկար չի դիմանա», եթե չունենա Սպիտակ տան հավանությունը։
Մոջթաբա Խամենեիի ընտրության մասին հարցին Թրամփը հրաժարվել է պատասխանել՝ ասելով. «Կտեսնենք, թե ինչ կլինի»։
Թրամփը նաև կրկին անդրադարձել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի դեմ ընթացող դատական գործին և քննադատել Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգին՝ նրան չներելու համար։
«Բիբի Նեթանյահուին պետք է անմիջապես ներում շնորհել։ Կարծում եմ՝ [Հերցոգը] սարսափելի բան է անում՝ դա չանելով։ Մենք ուզում ենք, որ Բիբին կենտրոնանա պատերազմի վրա, ոչ թե մի ծիծաղելի ներումի հարցի»,- ասել է Թրամփը:
Հերցոգի գրասենյակը հայտարարել է, որ ներում շնորհելու հարցը նախագահի իրավասությունն է, սակայն այն այժմ գտնվում է Արդարադատության նախարարության քննարկման փուլում, որը օրենքի համաձայն պետք է ներկայացնի իր իրավական եզրակացությունը։
Հոդվածում նաև նշվել է, որ Թրամփի և Նեթանյահուի հարաբերությունները զգալիորեն բարելավվել են 2024 թվականի ԱՄՆ նախագահական ընտրություններից հետո, մինչդեռ չորս տարի առաջ նրանց միջև լարվածություն էր առաջացել այն բանից հետո, երբ Իսրայելի վարչապետը շնորհավորել էր Ջո Բայդենին ընտրություններում հաղթելու կապակցությամբ։
Թրամփը նաև հայտարարել է, որ Իսրայելում լայն աջակցությունը Իրանի դեմ պատերազմին իրեն չի զարմացնում՝ կատակելով, որ այնտեղ ավելի մեծ ժողովրդականություն ունի միայն իր սեփական վարկանիշը։
Թրամփը նաև կարծիք է հայտնել, որ Իրանի թուլացումը կարող է ազդել «Համասի» վրա։ Նրա խոսքով՝ Իրանի երկարամյա աջակցությունը պաղեստինյան խմբավորմանը կարող է նվազել, և դա կարող է հեշտացնել զինաթափման հարցը։
«Շատ մարդիկ կզինաթափվեն [Իրանի դեմ պատերազմի պատճառով]։ Քանի որ հիմա Իրանը այնպիսի վիճակում է, ինչպիսին երբեք չի եղել, և նրանց համար դրությունը միայն կվատանա»,- ասել է նա։
Զրույցի վերջում Թրամփը կրկին հայտարարել է. «Ասեք այս նախագահին, որ հենց հիմա նրան ներում շնորհի»։
Իրանի նախկին գերագույն առաջնորդ Ալի Խամենեին սպանվել է ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական գործողության առաջին օրը՝ փետրվարի 28-ին։ Երկրում հայտարարվել է 40-օրյա սուգ։