9 մարտի 2026 – 11:23 AMT
PanARMENIAN.Net – ԼՂ անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը և նրա նմանները ծոծրակները կտեսնեն, բայց Հայաստանի անկախության կորուստ նորից չեն տեսնի, ֆեյսբուքյան տեսաուղերձում ասել է Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը՝ Բալասանյանի այն հայտարարությանը, որ ՀՀ-ն պետք է դառնա Միութենական պետության մաս:
«Ղարաբաղի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, Ղարաբաղը բառի բուն իմաստով հանձնած և Երևան փախած, այժմ էլ ռուսաստանցի օլիգարխի ակտիվ աջակից Վիտալի Բալասանյանը գնացել է եկեղեցու բակ, իր աջակցությունն է հայտնել Կտրիճ Ներսիսյանին և ոչ ավել, ոչ պակաս ասել, որ Հայաստանը պիտի լինի նոր նոր Խորհրդային Միության մաս, ինչպես 100 տարի առաջ։
Վիտալի Բալասանյանը, իհարկե, գլուխը պատին է տվել, և հարցը դա չէ․ նա և նրա նմանները ծոծրակները կտեսնեն, բայց Հայաստանի անկախության կորուստ նորից չեն տեսնի, մենք դա թույլ չենք տա։
Բայց ես ուզում եմ հասկանալ՝ էս ի՞նչ մարդիկ եք դուք, արյուն ուրացողներ եք։ Ուրեմն այսքան մարդ այսքան տարիների ընթացքում արյուն է թափել, զոհվել է, իր կյանքն է տվել Հայաստանի անկախության համար, որ դուք գաք այդքան հեշտ ասեք՝ Հայաստանը իր անկախությունից պիտի հրաժարվի»,-ասել է նա:
Ռուբինյանը հավելել է, որ հունիսի 7-ին Հայաստանի անկախության դեմ գործող բոլոր ուժերին պետք է «ուղարկեն գրողի ծոցը կամ ցանկացած այլ ծոց՝ իրենց նախընտրությամբ»:
Ավելի վաղ Վիտալի Բալասանյանն ասել է, որ աշխարհաքաղաքական քարտեզն առաջիկայում փոխվելու է, և Հայաստանը պետք է Միութենական պետությանը միանա, հայտնում է Panorama.am-ը:
«Մոտ ժամանակներս քաղաքական քարտեզը փոխվելու է: Նրանք, ովքեր շուտ հասկացան իրենց տեղը, դերը, նշանակությունը, իմացան, որ աշխարհակարգում են, շատ շուտ փրկվելու են։ Պարզ ասեմ՝ Կովկասը դեպի հյուսիս։ Մեր քաղաքականությունը պետք է լինի հարավ, Պարսկաստանի հետ պետք է շատ լավ հարաբերություններ պահենք, ու մենք պիտի լինենք Միութենական կազմում, 100 տարի առաջ ինչպես եղել է Խորհրդային Միությունը։ Հիմա անունը ինչ կդնեն, չգիտեմ»,-հայտարարել է Բալասանյանը: