9 մարտի 2026 – 12:15 AMT
PanARMENIAN.Net – ՀՀ-ն փետրվարին մոտ 14․5 միլիոն դրամ է ծախսել Ադրբեջանի ներկայացուցիչների հետ հանդիպում կազմակերպելու համար, որը իրականացվել է «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակում։ Այդ մասին հայտնել են ՀՀ Անվտանգության խորհրդի գրասենյակից, տեղեկացնում է Sputnik Արմենիան:
«Փետրվարի 13-ին և 14-ին կայացած Ադրբեջանի հետ իրականացվող «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության ֆինանսավորումն իրականացվել է պետական միջոցների հաշվին: Ֆինանսավորումը կազմում է մոտ 14,469,000 դրամ», – նշված է Անվտանգության խորհրդի գրավոր պատասխանում։
Նշվում է, որ խմբագրությունն Անվտանգության խորհրդի գրասենյակից խնդրել է տրամադրել «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակում անցկացված բոլոր միջոցառումների ընդհանուր արժեքը, սակայն ներկայացվել է միայն փետրվարին կազմակերպված հանդիպման ծախսը։
2025 թվականի հոկտեմբերի վերջին Երևանում անցկացվել է առաջին երկկողմ կլոր սեղանը՝ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի ՀԿ-ների ղեկավարների մասնակցությամբ։ Այդ հանդիպմանը ներկա է եղել նաև ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։
Ավելի ուշ՝ նոյեմբերին, Հայաստանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներն են մեկնել Բաքու՝ կրկին «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակում։ Նշվում է նաև, որ Բաքվում կայացած կլոր սեղանին հայ փորձագետների մասնակցությունն ապահովելու համար ՀՀ պետական բյուջեից հատկացվել է 17 մլն 550 հազար դրամ։