Ադրբեջանը որևէ պրագմատիկ պատճառ չունի Իրանի դեմ ռազմական գործողություններ սկսելու համար, հայտարարել է թուրքագետ Վարուժան Գեղամյանը։ Նա մեկնաբանել է Բաքվի և Թեհրանի միջև լարվածությունը, որը ծագել է այն բանից հետո, երբ ադրբեջանական իշխանությունները մեղադրել են Իրանին Նախիջևանում անօդաչու թռչող սարքերի հարվածների մեջ։
Փորձագետի խոսքով՝ rազմական գործողությունները Իրանի դեմ Ադրբեջանին ներկա փուլում չեն կարող տալ որևէ իրական ձեռքբերում, մինչդեռ կհարուցեն բազմաթիվ խնդիրներ՝ հնարավոր աղետալի հետևանքներով։ Նա բացատրել է, որ Ադրբեջանը, աշխարհագրորեն սեղմված լինելով Ռուսաստանի ու Իրանի արանքում, միայնական ունակ չէ ներգրավվելու հարավային հարևանի դեմ պատերազմում։
«Առանց թուրքական օժանդակության այդ երկիրը ունի խիստ սահմանափակ ռազմական կարողություններ (ապացույցը՝ 2020 թ. Արցախյան պատերազմը)։ Միաժամանակ թուրք-ադրբեջանական ռազմական համակարգերը վերջին տարիներին շարունակել են ինտեգրվել միմյանց, ինչը անհնար է դարձնում առանց Թուրքիայի հետ համագործակցության ու համադրման (և Թուրքիայի համակարգման) որևէ ռազմական գործողություն, այն էլ՝ Իրանի պես պետության դեմ», – գրել է թուրքագետը։
Գեղամյանի խոսքով, Թուրքիան ևս շահագրգիռ չէ ներգրավվելու պատերազմական գործողություններում։ Պրագմատիկ հաշվարկը ցույց է տալիս, որ ներկա փուլում, ունենալով գործելու սահմանափակ հնարավորություններ, Թուրքիան պատերազմի արդյունքներով ակնկալում է տեսնել ոչ թե պառակտված ու մասնատված Իրան, այլ թուլացած Իրան։ Վերջինս, ըստ թուրքական հաշվարկի, կկարողանա չեզոքացնել բազմաթիվ խնդիրներ (օրինակ՝ քրդական անջատողականությունը), սակայն կլինի ավելի կախյալ Թուրքիայից։
Նա նշել է, այս ռազմավարական մոտեցումը ստիպում է թե՛ Թուրքիային, թե՛ Ադրբեջանին գործել յուրահատուկ «մարտավարական դադարի» տրամաբանությամբ. սպասել իրադարձությունների զարգացմանը՝ նախապատրաստվելով հնարավոր բոլոր սցենարներին՝ ընդհուպ մինչև Իրանի տարածքում ցամաքային գործողություններ։ Վերջինն այս պահին քիչ հավանական է, սակայն եթե Իրանի կենտրոնական իշխանությունը թուլանա, այնքան այս սցենարի հավանականությունը կբարձրանա։
Փորձագետի խոսքով, Ադրբեջանում վերջին օրերի հակաիրանական հռետորաբանությունը այս փուլում լուծում է երկու խնդիր. մի կողմից սեփական հանրության՝ 2020 թ. հետո ձևավորված բարձր սպասումներին հագուրդ տալ, մյուս կողմից՝ որոշակի առումով բավարարել նաև արտաքին խաղացողներին։ Այս տրամաբանության մեջ նոր սիմվոլիկ գործողություններ կարող են լինել (Իրանից՝ Ադրբեջանին երեկ արված կոչի նմանությամբ), որոնք կշարունակեն բարձրացնել լարվածությունը՝ խորացնելով հակամարտությունը։
«Միաժամանակ Բաքուն և Անկարան շարունակում են մեծացնել իրենց ազդեցության գործիքները Իրանի վրա, որոնք հնարավոր կլինի կիրառել ավելի ուշ (օրինակ՝ ցույց տալ իրենց հնարավորությունները Իրանի թյուրքախոսների շրջանում)», – հավելել է նա։
Այս փուլում փորձագետը չի տեսնում պրագմատիկ որևէ հաշվարկ, որը կստիպի Ադրբեջանին մտնել ռազմական գործողությունների մեջ Իրանի։ «Ցավոք, որևէ նշան չկա, որ իրավիճակը կկարգավորվի առաջիկա օրերին. հակառակը, այն ավելի է վատթարանալու։ Ուստի այս իրավիճակը կարող է փոփոխվել, հատկապես, որ հնարավոր չէ լիարժեք վերահսկել աճող լարվածությունը)», – գրել է Գեղամյանը։
Ադրբեջանական լրատվամիջոցները մարտի 5-ին հայտնել էին, որ Նախիջևանում ընկել է 2 ԱԹՍ, որոնք, ենթադրաբար, արձակվել էին Իրանից: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ երկրի զինված ուժերին հանձնարարվել է պատրաստվել պատասխան գործողությունների։
Թեհրանն, իր հերթին, մեղադրել էր Իսրայելին։ Ադրբեջանի իշխանությունները որոշել էին դադարեցնել բեռնատարների երթևեկությունն Իրանի սահմանին և 12 ժամով փակել էին օդային տարածքի մի մասը։ Մարտի 6-ին Ադրբեջանը հայտարարել էր, որ որոշել է ամբողջությամբ դուրս բերել Թեհրանում գտնվող դեսպանատան և Թավրիզում գտնվող գլխավոր հյուպատոսության անձնակազմը։ Մարտի 7-ին Ադրբեջանի իշխանությունները հայտարարել էին Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) կողմից պլանավորված «ահաբեկչական և դիվերսիոն գործողությունների, ինչպես նաև հետախուզական տվյալների հավաքագրման» կանխման մասին։
