Իրանի դեմ գործողությունը պառակտել է Թրամփի կողմնակիցներին. Bloomberg – Armenia Today

ԱՄՆ-ի և Իսրայելի համատեղ ռազմական գործողությունն ընդդեմ Իրանի և դրա հետևանքները Հանրապետականների համար լուրջ խոցելություն է ստեղծել՝ 2026 թվականի նոյեմբերի 3-ին կայանալիք Կոնգրեսի միջանկյալ ընտրություններին ընդառաջ, գրել է Bloomberg-ը:

ԱՄՆ մախագահ Դոնալդ Թրամփի կողմնակիցների շրջանում և նրա գլխավորած MAGA (Make America Great Again) գաղափարական շարժման ներսում պառակտում է տեղի ունեցել, նշում է ԶԼՄ-ն:

Ըստ լրատվականի՝ Թրամփի թիմը քաջ գիտակցում է Իրանի հետ հակամարտությունից բխող վտանգը և Bloomberg-ի հետ մասնավոր զրույցներում նրանք խոստովանել են, որ նոյեմբերին սպասում են Ներկայացուցիչների պալատում լուրջ կորստին:

Լրագրողներ Թաքեր Կարլսոնը և Մեգին Քելլին, ինչպես նաև Ներկայացուցիչների պալատի նախկին անդամ Մարջորի Թեյլոր Գրինը և այլ Հանրապետական քաղաքական գործիչներ ԱՄՆ նախագահին մեղադրել են նախընտրական խոստումները դրժելու մեջ:

Նախընտրական քարոզարշավի ժամանակ Թրամփը խոստացել էր դադարեցնել պատերազմներն աշխարհում և նորերը չսկսել, ինչպես նաև ԱՄՆ քաղաքացիներին չուղարկել արտերկիր՝ զինված հակամարտությունների մասնակցելու համար:

MAGA-ն (Make America Great Again) քաղաքական շարժում է և նախընտրական կարգախոս, որի շուրջ ձևավորվել է Թրամփի կողմնակիցների հիմնական բազան: Այն առաջացել է 2016 թվականին և միավորում է քաղաքական էլիտայից հիասթափված պահպանողական ընտրողներին: Շարժման գաղափարախոսությունը հիմնված է «Նախևառաջ Ամերիկան» սկզբունքի վրա, ինչը ենթադրում է տնտեսական նացիոնալիզմ, խիստ ներգաղթային քաղաքականություն, հովանավորչություն առևտրում և չմիջամտություն արտաքին հակամարտություններին:

Կարլսոնը հեռացվել է MAGA-ից այն բանից հետո, երբ քննադատել է Վաշինգտոնի սկսած ռազմական գործողությունը:

Փետրվարի 28-ից ԱՄՆ-ն և Իսրայելը մի շարք հարվածներ էին հասցրել Իրանի տարբեր թիրախների, որոնց հետևանքով զոհվել էին բազմաթիվ բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում՝ Գերագույն առաջնորդ Ալի Խամենեին։ Թեհրանը պատասխանել էր տարածաշրջանում ԱՄՆ-ի և Իսրայելի մի քանի թիրախի հարվածելով: Միմյանց դեմ հարվածները շարունակվում են արդեն 8 օր։

 

Leave a Comment