Անհետ կորած զինծառայողների ծնողներն այսօր՝ մարտի 8-ին, կրկին բողոքի ակցիա են իրականացնում կառավարության շենքի հարակից տարածքում: Նրանք պահանջում են պատասխանատու մարմիններից տեղեկություններ իրենց որդիների գտնվելու վայրի մասին, ինչպես նաև հանդիպում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:
Ծնողներից Անահիտ Ադոյանը, որի որդին նույնպես անհետ կորածների թվում է, նշել է, որ իրենք երկու հիմնական հարց ունեն իշխանություններին՝ ո՞ւր են իրենց որդիները, և ինչո՞ւ են դատական գործընթացները ձգձգվում։
Նախկին բողոքի ակցիաների ժամանակ ծնողները հայտնել են, որ Պաշտպանության նախարարությունից ամեն անգամ նույն պատասխանն են լսում, ըստ որի՝ անհետ կորած զինծառայողների մարմինները գտնվում են Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքում, և առանց հակառակորդի թույլտվության անհնար է մուտք գործել այնտեղ:
ՀՀ ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի մարտի 2-ի նիստում Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը հայտարարել է, որ նախատեսվում է ստեղծել անհայտ կորած անձանց միասնական ռեեստր։
Օրենսդրական փաթեթով առաջարկվում է սահմանել անհայտ կորած անձի կարգավիճակը, ինչպես նաև ամրագրել անհայտ կորած անձանց և նրանց ընտանիքների անդամների իրավունքները: Կսահմանվեն անհայտ կորած անձի հետախուզման համար դիմում ներկայացնելու ընթացակարգերը, հետախուզման գործընթացին առնչվող դրույթները և հետախուզման դադարեցման դեպքերը:
