Կանայք այսօր առավել քան երբևէ ներգրավված են երկրի կառավարմանը. Փաշինյանի շնորհավորական ուղերձը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կանանց միջազգային օրվա առթիվ հղած ուղերձում նշել է, որ 2018 թվականի հեղափոխությունից հետո կանանց դերը հանրային կյանքում էապես մեծացել է: Նրա խոսքով՝ այսօր կանայք նախկինում չտեսնված ծավալով ներգրավված են երկրի կառավարման գործում:

«Ներքին գործերի նախարարություն, Արտաքին հետախուզության ծառայություն, Դատախազություն, Քրեակատարողական ծառայություն․ այս գերատեսչություններն այսօր կանայք են ղեկավարում, մի բան, որը ոչ միայն առաջին անգամ է մեր պատմության մեջ, այլև անհնարինի ժանրից կլիներ մեր նախահեղափոխական մտածողության մոդելներում»,- ընդգծել է վարչապետը:

Փաշինյանն առանձնացրել է «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագիրը, որը, ըստ նրա, ոչ միայն երեխաներին ավելի լավ կրթություն ստանալու հնարավորություն է տալիս, այլև նրանց մայրերին՝ աշխատելու։

Փաշինյանը մտահոգություն է հայտնել ժողովրդագրական իրավիճակի կապակցությամբ: «Որքան շատ է հանրային, քաղաքական, տնտեսական կյանքում ներգրավված կինը, այնքան պակաս է հակված երեխա ունենալու, և սա մեծագույն խնդիր է մեր երկրի համար»,- ասել է նա:

Վարչապետը կարևորել է այնպիսի երկիր կառուցելու անհրաժեշտությունը, որտեղ առնվազն երեք երեխա ունենալը սովորական լինի յուրաքանչյուր կնոջ համար, բայց և չնշանակի պասիվացում, մեկուսացում հանրային, տնտեսական կյանքից: Այս համատեքստում նա ընդգծել է մանկապարտեզների կառուցման ծրագրի շարունակականությունը և մսուրային ծառայության հասանելիությունը ողջ հանրապետությունում:

Leave a Comment