«Հրապարակ»-ը գրում է.
Երեկ մենք գրել էինք, որ «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի տնօրեն Էդիտա Գզոյանին ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն առաջարկել է աշխատանքից ազատման դիմում գրել։ Սպառնացել է՝ եթե ինքնակամ չգրի, իրենք կազատեն աշխատանքից։
Նախարարությունից, ըստ լուրերի, պաշտոնական պատճառաբանությունը եղել է, իբրև թե Գզոյանը պատշաճ չի վերահսկում Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի շինարարությունը, որը ի դեպ, վերջինիս ֆունկցիաների մեջ չի մտնում։
Մեր տեղեկություններով, տնօրենը որոշել է չդիմադրել եւ դիմումը գրել, բայց կոլեկտիվն ընդվզել է` տնօրենից պահանջել են չշտապել և իրենք նամակ են ուղղել վարչապետին, թե որն է պատճառը, ինչու եք հերթական անգամ տնօրեն փոխում թանգարան- ինստիտուտում: Նամակը վարչապետի գրասենյակից վերահասցեագրել են ԿԳՄՍ նախարարին, իսկ աշխատակիցները մեկ մարդու պես ոտքի են կանգնել եւ ղեկավարին հորդորել չհանձնվել` դիմում չգրել:
Մեր տեղեկություններով, լիազորությունները վայր է դրել նաև «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Ռայմոնդ Գեւորգյանը` սփյուռքահայ հայտնի ցեղասպանագետը։ Կոլեկտիվում կարծում են, որ Ժաննա Անդրեասյանը որոշել է ազատվել Էդիտա Գզոյանից, քանի որ նա իրենց մարդը չէ և ցանկանում են յուրային նշանակել այս պաշտոնին։ Թերևս ավելի էական է այն, որ Գզոյանը միջազգային հարթակներում ակտիվ է Ցեղասպանության ճանաչման, գիտական հոդվածների տպագրման ուղղությամբ, ինչը այս իշխանությունների սրտով չէ և օր առաջ ցանկանում են ազատվել նրանից և մի ապազգային անձ նշանակել։ Տնօրենի նկատմամբ սեւեռումները, ասում են, հասել են գագաթնակետին ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան այցից եւ Ցեղասպանության հուշահամալիր այցից հետո։ Հայտնի է, որ փետրվարի 10-ին Վենսի եւ տիկնոջ՝ Ծիծեռնակաբերդ այցի ընթացքում ՀՀ իշխանություններից որեւէ պաշտոնյա նրանց չուղեկցեց, Ժաննա Անդրեասյանը ձեւական դիմավորեց համալիրի մուտքի մոտ ու անհետացավ՝ թերեւս չնեղացնելու համար իրենց թուրք բարեկամներին։ ԱՄՆ փոխնախագահին և նրա տիկնոջը Հայոց ցեղասպանության հուշահամալիր է ուղեկցել տիկին Գզոյանը՝ ներկայացնելով դրա կառուցման պատմությունը:
Հ․Գ–ԿԳՍՄ նախարարությունից հրաժարվել են լրատվամիջոցներին հայտնել՝ ստացե՞լ են արդյոք տնօրենի ազատման դիմումը, հորդորել են գրավոր հարցում ուղարկել»։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։