7 մարտի 2026 – 13:36 AMT
PanARMENIAN.Net – Փաստաբան Ռուբեն Հակոբյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է տնային կալանքը։ Այդ մասին հայտնել է նրա պաշտպաններից Լիանա Գասպարյանը, տեղեկացնում է Sputnik Արմենիան:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ռուբեն Հակոբյանը ձերբակալվել է։ Գործը քննվում է Լոռու մարզում։
ՀՀ հակոռուպցիոն կոմիտեն հրապարակել է ձայնագրություն։
Կոմիտեի տեղեկացմամբ՝ դատաքննության ընթացքում փաստաբանը, նախնական համաձայնության գալով մեղադրյալի եղբոր հետ, փորձել է համոզել սպանության գործով վկային փոխել նախկինում տված ցուցմունքները։ Նշվել է, որ մեղադրյալի եղբայրը նաև սպանության սպառնալիքներ է հնչեցրել, որպեսզի վկան հաջորդ դատական նիստում փոխի մեղադրանքի հիմքում դրված նախաքննական և արդեն տված դատաքննական ցուցմունքները և ներկայացնի սուտ ցուցմունք, որը կնպաստի մեղադրյալի՝ պատասխանատվությունից խուսափելուն։
Ըստ հաղորդագրության՝ վկային նաև տրվել է քննությամբ դեռևս չպարզված չափի կաշառք, որից հետո նա տվել է ակնհայտ սուտ ցուցմունք։ Փաստաբանի և ևս երկու անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում։
«Տարածված ձայնագրությունն անթույլատրելի ապացույց է, քանի որ փորձաքննություն չի անցել, չկա փորձագետի եզրակացություն, թե արդյոք ովքեր են խոսում, արդյոք իրական է ձայնագրությունը, թե ստեղծված է արհեստական բանականությամբ և այլն։ Կարող եմ հստակ ասել՝ մեղադրանքը Ռուբեն Հակոբյանի հետ կապ չունի»,- նշել է փաստաբան Լիանա Գասպարյանը։
Նա նաև հավելել է, որ գործընկերոջ պաշտպանությունը ստանձնել են բազմաթիվ փաստաբաններ։
Ռուբեն Հակոբյանը ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի, ինչպես նաև «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի փաստաբաններից է։