ԱՄՆ-ը ձեռնամուխ է եղել Հորդանանում տեղակայված THAAD հակաօդային պաշտպանության համակարգի ռադարի շտապ փոխարինմանը, որը ոչնչացվել էր իրանական անօդաչու թռչող սարքի հարվածի հետևանքով։ Այս մասին հայտնում է The Wall Street Journal պարբերականը։
Ռադարը ցամաքային հիմքով հակահրթիռային պաշտպանության համակարգի առանցքային բաղադրիչ է, որն օդային տարածքում որսում է բալիստիկ հրթիռները։ Ըստ արբանյակային լուսանկարների և ԱՄՆ պաշտոնական անձանց տվյալների՝ Իրանը թիրախավորում է տարածաշրջանի ՀՕՊ ենթակառուցվածքները՝ ի պատասխան ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակումների։ Նմանատիպ թիրախներ են դարձել նաև Հորդանանի և ԱՄԷ-ի օբյեկտները։
ԱՄՆ-ը և տարածաշրջանային գործընկերները THAAD, Patriot և հակաօդային պաշտպանության այլ համակարգերի միասնական ցանց են կիրառում՝ Իրանի և իրանամետ ուժերի արձակած հրթիռները, անօդաչու թռչող սարքերն ու արկերը խոցելու համար։
Ավելի վաղ CNN հեռուստաալիքը հայտնել էր, որ Իրանին հաջողվել է ոչնչացնել Հորդանանում տեղակայված ամերիկյան THAAD զենիթահրթիռային համակարգի ռադարը։ Դա տեղի է ունեցել Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի համատեղ օդային հարվածների առաջին իսկ օրերին։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: