«Դավաճանել Հայ Առաքելական եկեղեցո՞ւն, ո՞նց. էդ ինչ էժանագին բամբասանքներով եք կառուցում ձեր արդարացումը». Շուշան Պետրոսյան

Բոլոր հեղաշրջումները լակմուս են։ Երևում է՝ ով, ով է։ Շատ լավ է, որ բացահայտվեցին շատ անուններ և ոչ միայն հոգևոր աշխարհում, այլև առհասարակ երկրում՝ մշակույթի մեջ, գիտության մեջ, մանկավարժական, բժշկական ոլորտում․․․ Հիմա մարդ Աստծո, դու կանգնած ես ընտրության առջև։ Դու ես ընտրում քո ճանապարհը։


Զրույց երգչուհի Շուշան Պետրոսյանի հետ 


8f6b0ad1-94b3-4e12-ba89-abe69a65cdad.jpeg (96 KB)

Երաժշտությունը ինձ միշտ է ուղեկցել

Հայրիկս հայտնի մելոման էր։ Վինիլ ձայներիզների այնպիսի հարուստ հավաքածու ուներ, որ ռադիոյից գալիս էին մեր տուն՝ ձայնագրելու Ազնավուրի ու Ռեյ Չարլզի նոր երգերը, կամ Պավարոտիին ու հայրիկիս սիրած Մարիո Դել Մոնակոյին։ Ես, օրինակ այնպիսի երգիչների գիտեմ, որ կարող էի նրանց մասին և չիմանալ։

Օրինակ, իմ սիրած տենորներից մեկը Աուրելիանո Պերտիլեն է, Արթուրո Տոսկանինիի սիրված երգիչներից, ով 1920-ականներին է սկսել երգել և նրա մասին հաստատ կարող էի և չիմանալ։ Բայց գիտեմ, քանի որ մեր տանը դա լսվել է։ Հիմա մեծ տղաս է տնօրինում այդ ձայներիզների հավաքածուն։ Նա նույնպես մելոման է։ 

Ես շատ երկար կարծում էի, որ Բարսեղ Կանաչյանի «Օրորը», որ մայրիկս երգում էր ինձ քնացնելիս, դա հենց իր երգն է։ Եվ երբ մի օր, մայրիկիս հետ գնում եմ Կամերային երաժշտության տուն, երևի տասնմեկ-տասներկու տարեկան էի, ու լսում որ երգչուհին երգում է «Քուն եղիր բալաս»-ը, շատ վիրավորված նայում եմ մամային, թե այս կինը ինչու է իմ երգը երգում։ Շատ ծանր տարա։ Հետո իմացա, որ Բարսեղ Կանաչյանի երգն է։ Իսկ երբ ծանոթացանք ու շատ մտերմացանք Բարսեղ Կանաչյանի դստեր հետ, ընդհուպ Բեյրութում իրենց տանն էինք մնում, ասաց, որ «Օրոր»-ի լավագույնը կատարումը Արաքս Մանսուրյանինն է, որ հայրիկը եթե կենդանի լիներ, դա, միանշանակ, կփաստեր։ 

Ես էլ իմ օրորոցայիններն եմ երգել իմ տղաներիս համար։ Գրիգորիս համար երգում էի «Արի իմ սոխակը», «Կիլիկիան» Արթուր Գրիգորյանի «Ուրախ նոտաներից»՝ Մայրիկ երգն էր և Ծլինգ-ծլինգը։  Փոքրս՝ ջազային երաժշտության տակ էր քնում (ժպտում է)։

67b3a146-1735-411b-9de2-f9b93be6a3ff.jpeg (616 KB)

Հայրս ու մայրս ինձ միշտ հեքիաթ են նվիրել

Նոր տարին ինձ համար միշտ հեքիաթ է։ Դեռ մանկությունից։ Այդ հեքիաթը ինձ նվիրել են մայրս ու հայրս։ Շատ մեծ տոնածառ, ամանօրյա հատուկ պատրաստություն և բոհեմ, իսկական բոհեմ․․․ այո, Երևանում եղել է բոհեմ։ Եվ ես, երեք տարեկան աղջնակ, այդ տարիքից եմ ինձ հիշում, պարում էի Գունոյի «Վալպուրգյան գիշեր»-ի երաժշտության տակ։ Մայրիկս ձայներիզը միացնում էր, ես հագնում էի Մայա Պլիսեցկայայից նվեր ստացած գեղեցիկ բալետային շորիկն ու պարում մեր հյուրերի համար։ Իսկ գիտե՞ք ովքեր էին այդ մարդիկ՝ Լևոն Ներսիսյանը, Տիգրան Մանսուրյանը, Արա Շիրազը, Ռոբերտ Էլիբեկյանը, Անատոլի Գրիգորյանը․․․ Ես իրենց ձագուկն էի։ Հիշում եմ, մի անգամ պարեցի ու եկա, նստեցի մայրիկիս գրկին և լիմոնադ խնդրեցի։ Մաման վերցրեց շիշն ու դեռ չլցրած որոտաց Լևոն Ներսիսյանի արտիստիկ ձայնը․ «Դեն նետիր այդ թույնը»։ Ես վեր թռա ու լաց եղա։ Մինչև հիմա լիմոնադի շշին վախով եմ նայում (ծիծաղում է)։ 

Ես այդ մարդկանց կողքն էի մեծանում և նրանց գնահատանքն էր ինձ համար կարևոր։ Հիշում եմ, երրորդ կուրսում դիտում էր գրաֆիկա առարկայից։ Ես ընտրել էի Լերմոնտովի «Դիմակահանդես»-ը և շատ հետաքրքիր ձևավորում էի արել։ Ամբողջը կառուցված էր ապարանջանի վրա, որն այդ պիեսի հիմքն է։ Գործող անձերը միահյուսված էին այդ ապարանջանին։ Մոտեցավ Անատոլի Գրիգորյանն ու ասաց․ «Շուշո, դիտումից հետո այս ու այս նկարները ինձ կնվիրես»։ Դրանից մեծ գնահատական չկա ինձ համար։ Կամ, երգում եմ Արթուր Գրիգորյանի «Արցախ»-ը։ Դահլիճում Տիգրան քեռիս էլ էր նստած․ «Բալիկ ջան, ասաց, էդ ինչ երգ էր, էդ ոնց երգեցիր»։ Դա էր ինձ համար գնահատականը։ Այո, մեծացել եմ նման միջավայրում և հիշողություններս, անշուշտ, արվեստաշատ են։ 

Սակայն, ասեմ, որ այդ ամենի հետ մեկտեղ, ծնողներս ինձ չեն հաճոյախոսել։ Տվել են հնարավորն ու պահանջել։ Մամաս ասում էր, ինքը չէ, որ պետք է գնահատի, այլ հանդիստեսը։ Երբեք մայրիկիս ու հայրիկիս անունը չեմ օգտագործել։ Ինչին հասել եմ, ինքս եմ հասել։

Նույն կերպ ես իմ զավակների հանդեպ եմ։ Տալիս եմ հնարավորը՝ լավ ֆիլմեր, գրքեր, երաժշտություն, ոչ միայն համեղ, այլև գեղեցիկ կերակուր, դա էլ, ի դեպ, արվեստ է։ Բայց, երբեք չեմ ասի, իմ երեխան հանճարեղ է։ Իմ խնդիրը իրենց լավագույնը տալն է ու լավ մարդ մեծացնելը։ 

Ասեմ, հիմա շատ երջանիկ եմ, որ մայրիկս վերադարձել է, գալիս է իմ համերգներին ու ոչ մեկը բաց չի թողնում։ Սա ինձ համար իրոք երջանկություն է։ Մայրիկս միշտ ինձ համար չափանիշ է եղել՝ նրբաճաշակ, պարզ, տաղանդավոր, լռության մեջ շատ ասող տեսակ։ 

f42fbac3-81e3-4a9d-9b67-5f654d5e2494.jpeg (1.86 MB)

«Թասիբի» մասին խոսացողները, թող առաջինը մշակույթը անարատ պահեն

Ինձ մեղադրել են, թե ինչու եմ իմ առաջին ձայնասկավառակում սոցռեալիզմի շրջանի երգեր երգել՝ «Կոմսոմոլ էն տղեն», որի հեղինակը, ի դեպ, Ռոմանոս Մելիքյանն էր, կամ «Տրակտորիստ տղան», «Ինժեներ բալան», որ ժողովրդական երգեր էին։ Հիմա, որ քաղքենաբար հրաժարվում են այդ երգերից, որոնք մեր ժառանգության մաս են, ինչ ասես։ Ժամանակին ամեն ինչ համադրված էր։ Ամեն ոճ ուներ իր հնչելու տեղը։ Գինետանը հնչում էր գինետան երգը, ռեստորանում՝ ռեստորանի երգը, բեմերի վրա՝ բեմին պատշաճ երաժշտություն։ Հետո ժամանակները փոխվեցին ու տեղերը խառնվեցին։ Ես երաժիշտներին քննադատողը չեմ։ Ամեն ոճ ունի իր ունկնդիրը։ Յուրաքանչյուրն իր ականջին հասու երաժշտություն ունի, իր հանդիսատեսն ունի, իր լսարանը։ Բայց, հայտնվեցին համերգի կազմակերպիչներ, վերանվանվեցին և դարձան պրոդյուսերներ, որոնք շատ արագ հասկացան, որ այնուամենայնիվ ժողովրդի գերիշխող մասը սիրում և լսում է ռաբիս երաժշտություն։ Սկսեցին մեծ բեմեր բերել այդ երաժշտությունը։ Պրոդյուսերներն են մեղավոր, միանշանակ։ Ես ռաբիս երաժշտություն չեմ լսում, բայց կան երգեր, որոնց տակ շատ հավեսով կարող եմ լավ քեֆ անել։ Գնահատում եմ ձայնեղ ռաբիս երգիչների, որոնք երգում են ռաբիս երաժշտություն, բայց հայերեն են երգում, առանց թուրքական մելիզմների, բայաթի չեն երգում։ Ավելի անարժանապատիվ բան, քան մելիզմներին անդրադառնալը՝ չկա։ Մի թուրք երաժշտի չես լսի, որ մեր շարականների, կամ կոմիտասական ֆանտաստիկ խաղիկներ երգի։ Էդ, «թասիբի» մասին խոսացողները, թող առաջինը մշակույթը անարատ պահեն։

Ի դեպ, ֆենոմեն է, մեր ռաբիս երգիչները ունեն աստվածատուր ձայներ։ Օրինակ, երգիչներ կան, որ ռաբիս երաժշտություն են ներկայացնում, ես կուզեի իրենց կատարմամբ լսել Սարոյի արիան, որովհետև գիտեմ, որ ֆանտաստիկ կկատարեն։ 

Գժվելու սերունդ ունենք, որոնք չեն փիառվում, որոնք ստեղծագործում են

Որ անիմաստ քննադատում են, ասում են այսօր մշակույթ չկա, չեմ հասկանում։ Այսօր էլ կան հիանալի երգիչներ, խմբեր: «Kami friends»-ը օրինակ, «Կաթիլ բենդ»-ն եմ սիրում: Բրյունետը, շատ եմ սիրում էդ աղջկան: Ֆանտաստիկ ջազմեններ ունենք՝ Կարեն Գրիգորյան, Դեյվ Գյոդակյան, Արման Մնացականյան, Արտյոմ Ավետիսյան, Մելքոնյան եղբայրները։ Ինձ համար բացահայտում էր Իլոնան, շշմելու տաղանդ ունի։ Ունենք ժողովրդական երգիչների նոր սերունդ։ Ես հիմա մի աղջկա՝ Անիի հետ եմ աշխատում, կարծում եմ, եթե խելացի եղավ, իսկ արտիստները պետք է խելացի լինեն, մեծ ապագա ունի։ Շատ սիրում եմ «Գաթա» բենդը, երազում եմ Գարիկի հետ ձայնասկավառակ ունենալ։ Պոետ Արամ Ավետիսին եմ սիրում, լրիվ նոր խոսք։ Մենք ունենք Ավետ Բարսեղյանի պոեզիան։ Իմ Նուռին ունենք, որն անդադար արվեստագետա։ Ժոռը Գասպարյան՝ շշմելու նկարիչ։ Մի խոսքով, գժվելու սերունդ ունենք, որոնք չեն փիառվում, որոնք ստեղծագործում են։

Ուզում եմ Մանթաշովներ ունենանք։ Ուզում եմ, որ մեր տաղանդավոր նկարիչներին, մեր լավագույններին ուղարկեն բիենալեներում, հեղինակավոր ցուցահանդեսներում ցուցադրվելու։ Լավ արվեստագետը պետք է գնահատված լինի, ու նախ իր երկրում, հետո իր երկիրը ներկայացնի։ Ինչի՞ց եք վախենում։ Ծանոթ-բարեկամի գործոնը, որն ի դեպ միշտ է եղել, ավաղ, չի վերանում։ 

e4ba7ce6-d57a-462e-aef5-3c64db25f184.jpeg (539 KB)

Իմ 90-ականների Երևանը

1990-ականները հիշում են որպես մութ ու ցուրտ տարիներ, բայց ես այդ տարիները համարում եմ արժանապատվության տարիներ։ Դա գժվելու տարիներ են ինձ համար, որովհետև հակառակ ամեն դժվարության արվեստագետներն արարում էին։ Լորիս Ճգնավորյանին հիշեք։ Մարդիկ, որոնք գիտեին, որ համերգից հետո պետք է ոտքով բարձրանան իրենց 11- 12-րդ հարկի բնակարան, միևնույն է գալիս էին։ Գալիս էին ջերմություն վայելելու, ուղիղ և փոխաբերական իմաստով։ Գալիս էին մշակույթ կլանելու ու տաքանալու։ Դա մշակութային կարևոր քայլ էր։ 

Արթուր Գրիգորիչը բացեց իր երգի թատրոնը1991-ին, երբ որ Արծվաշենում ռումբեր էին պայթում, մենք Հայրիվանքի տարածքում «Այո» էինք անում։ Ստեղծվեց Վիգեն Ստեփանյանի «Արձագանք» թատրոն-ստուդիան, որտեղ ես ձևավորել եմ չորս ներկայացում, որպես բեմանկարիչ։  Ստուդիա, որը «Մետրո» թատրոնի հիմքը դարձավ։ «Գոյ» թատրոնը։ Նադեժդա Սարգսյանի «Հայեր» ստուդիան։  Հայրենիք էինք պահում, ամեն մեկն իր տեղում։ Տղերքը երկիրն էին պահում։ Ընկերներ էինք կորցնում, ծանր էր համակերպվելը, բայց գլուխներս բարձր էինք պահում, որովհետև երկիր էինք պահում։ Հիմա էդպես չի․․․

Դավաճանել Հայ Առաքելական եկեղեցուն և Վեհափառին, ո՞նց։

Հավատքն ինձ համար Հայ առաքելական եկեղեցի է։ Ինձ համար կա Մայր աթոռ Սուրբ Էջմիածին, կա Վեհափառ Հայր։ Վերջ, այլ թեմա չկա։ Մայրիկս ութ տարի երգել է Էջմիածնում։ Ես երկու տարեկանից իր հետ բոլոր պատարագներին ներկա եմ եղել։ Մի օր հորաքույրս ասաց, «բալիկ ջան, դու երկու տարեկանում «Սուրբ-սուրբ» էիր երգում»։ Ես, դա իհարկե չեմ հիշում։ Տատիկս քնելուց առաջ աղոթում էր։ Ճաշին հացը օրհնում էր, հետո նոր սկսում էինք ուտել։ Այսինքն, հավատքն ինձ համար 1988-ից չի սկսվել։ Հոգևորականները Հիսուս չեն, առաքյալ չեն։ Նրանք ընդամենը միջնորդ են։ Մեղքեր ունեն, բոլորիս հետ հավասար իրենք էլ են պատասխան տալու։ Բայց մի ամբողջ առաքելական եկեղեցի քարկոծել մի քանի ստահակի պատճառով, ո՞նց։ Դավաճանել Հայ Առաքելական եկեղեցուն և Վեհափառին, ո՞նց։ Էդ ինչ էժանագին բամբասանքներով եք կառուցում ձեր արդարացումը։ Դավաճանությունը բոլոր դեպքերում աններելի է։

Բոլոր հեղաշրջումները լակմուս են։ Երևում է՝ ով, ով է։ Շատ լավ է, որ բացահայտվեցին շատ անուններ և ոչ միայն հոգևոր աշխարհում, այլև առհասարակ երկրում՝ մշակույթի մեջ, գիտության մեջ, մանկավարժական, բժշկական ոլորտում․․․ Հիմա մարդ Աստծո, դու կանգնած ես ընտրության առջև։ Դու ես ընտրում քո ճանապարհը։

70ea163b-2b45-4983-96b7-8151630da291.jpeg (646 KB)

Որպես վերջաբան

Վերածնունդ։ Երկրին և բոլոր ոլորտներում՝ մշակույթ, գիտություն։ Սա է իմ երազանքը։ Այսքանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment