7 մարտի 2026 – 12:54 AMT
PanARMENIAN.Net – Ռազմական գործողությունների սկսվելուց հետո Կատարում ՀՀ դեսպանության հետ կապ է հաստատել այդ երկրի տարածքում տարանցիկ գտնված ՀՀ 41 քաղաքացի: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջու հայտնել է ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը:
Այդ քաղաքացիներից 38-ը ճանապարհորդելիս է եղել Qatar Airways ավիաընկերության միջոցով, և ընկերությունն ապահովել է նրանց կեցության և սննդի բոլոր անհրաժեշտ պայմանները։
Քաղաքացիներից երկուսը ունեցել են դեղորայքի անհրաժեշտություն, և համապատասխան օգնությունը ցուցաբերվել է Դոհայում ՀՀ դեսպանության կողմից։
Մարտի 6-ին դեսպանությունում անցկացվել է հանդիպում-քննարկում, որին մասնակցել են Դոհայում գտնված Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիները։ Դեսպանության կողմից գնահատվել են նրանց կարիքները։
Նշվել է նաև, որ Կատարի տարածքում գտնվում են ևս երեք ՀՀ քաղաքացիներ, որոնց դեպքում նույնպես դիտարկվում են հայրենիք վերադարձի հնարավոր տարբերակները։
Qatar Airways ընկերության մարտի 9-ի չվացուցակում այս պահին ներառված է դեպի Երևան նախատեսված չվերթը։
Վիետնամում ՀՀ 12 քաղաքացի կա, հայտնել է ՀՀ դեսպանությունը Վիետնամում (որի դեսպանը համատեղության կարգով հավատարմագրված է նաև Լաոսում, Կամբոջայում և Ֆիլիպիններում):
Տեղեկության համաձայն՝ 4 քաղաքացի մարտի 7-ին մեկնելու է Հոշիմին-Գուանճոու-Ալմաթի-Թբիլիսի չվերթով, որից հետո Թբիլիսիից ավտոմեքենաներով վերադառնալու են Երևան։
Եվս 7 քաղաքացի մարտի 9-ին նախատեսում է վերադառնալ Հայաստան Հոշիմին-Ուրումչի-Երևան երթուղով, իսկ մեկ այլ քաղաքացի սպասում է Բահրեյն վերադառնալու հնարավորությանը։
Իսրայելում այս պահին գտնվում է մոտ երկու տասնյակ ՀՀ քաղաքացի, որոնց մեծ մասի հետ դեսպանությունը պահպանել է մշտական կապ, հայտնել է ՀՀ արտաքին գործերի նախարարությունը։
«Մարտի 5-ին Իսրայելի զբոսաշրջության նախարարությունը հայտարարել է օտարերկրյա քաղաքացիների տեղափոխումը մինչև Եգիպտոսի հետ սահմանային անցակետ կազմակերպելու հնարավորության մասին։ Այդ նախաձեռնության վերաբերյալ դեսպանությունը տեղեկացրել է ռազմական գործողությունների հետևանքում Իսրայելում մնացած ՀՀ քաղաքացիներին։
Այս պահի դրությամբ նրանցից արձագանքել է 4-ը՝ տեղեկացնելով, որ դեռ նախընտրում են մնալ Իսրայելում և սպասել «Բեն Գուրիոն» օդանավակայանի աշխատանքի վերսկսմանը։
Իսրայելի տարբեր համալսարաններում և ավագ դպրոցներում ուսանում է մեկ տասնյակ ՀՀ քաղաքացի, ովքեր այս պահին Հայաստան վերադառնալու ցանկության մասին չեն տեղեկացրել»-ասվում է հաղորդագրության մեջ:
Իսրայելում ՀՀ դեսպանության կոնտակտային տվյալներն են՝ +972 58 607-0313 (նաև WhatsApp), +972585811144»,- ասված է ԱԳՆ հաղորդագրության մեջ։
Փետրվարի 28-ին Իսրայելն ու ԱՄՆ-ն օդային հարվածներ են հասցրել Իրանին, հարվածների հետևանքով սպանվել է Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին: Իրանը պատասխան կրակ է բացել Իսրայելի, ինչպես նաև Պարսից ծոցի երկրների ուղղությամբ, որտեղ տեղակայված են ԱՄՆ ռազմակայններ: