7 մարտի 2026 – 12:18 AMT
PanARMENIAN.Net – Իրանը չի իրականացնի հրթիռային կամ ԱԹՍ հարվածներ հարևան երկրների ուղղությամբ, եթե այդ երկրների տարածքից հարձակումներ չլինեն Իրանի դեմ։ Այդ մասին հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը՝ ժողովրդին ուղղված հեռուստաուղերձում՝ ներկայացնելով երկրի Ժամանակավոր ղեկավար խորհրդի որոշումը։
Նա նաև ներողություն է հայտնել այն հարևան պետություններից, որոնք ենթարկվել են հարվածների, և վստահեցրել է, որ Թեհրանը նպատակ չունի հարձակվելու հարևան երկրների վրա, հայտնում է Sputnik Արմենիան:
«Ոմանք կարծում են, թե կարող են օգտվել իրավիճակից և հարձակվել մեր հողի վրա։ Մի դարձեք իմպերիալիզմի ձեռքի խաղալիք։ Հնարավոր է՝ մենք տարաձայնություններ ունենք, սակայն Իսրայելին և ագրեսոր ԱՄՆ-ին աջակցելը շատ վատ երևույթ է», – ասել է նա։
Փետրվարի 28-ին ԱՄՆ-ն և Իսրայելը մի շարք հարվածներ են հասցրել Իրանի տարածքում գտնվող օբյեկտներին, այդ թվում՝ Թեհրանում։ Հաղորդվել է ավերածությունների և խաղաղ բնակիչների շրջանում զոհերի մասին։ Ի պատասխան՝ Իրանը հրթիռային հարվածներ է հասցրել Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին։
Մարտի 5-ին հայտնի դարձավ, որ Իրանն ԱԹՍ-ներով հարվածել է Նախիջևանի օդանավակայանին: Եվս մի քանի անօդաչու թռչող սարքեր ընկել են այլ տարածքներում։ Ավելի ուշ հաղորդվել է, որ ԱԹՍ-ներից մեկն ընկել է դպրոցի հարևանությամբ: Բաքվում Իրանի դեսպան Մոջթաբա Դեմիրչիլուին կանչել են Ադրբեջանի ԱԳՆ, հանձնվել է բողոքի նոտա: