Նախիջևանի օդանավակայանի դեմ Իրանի «դրոնային հարձակումից» մեկ օր հետո Բաքվում ԱՄՆ դեսպանատունը Միացյալ Նահանգների կառավարության անունից «վճռականապես դատապարտել» է այն և «Ադրբեջանի ժողովրդին կատարյալ համերաշխություն» հայտնել:
Ադրբեջանում Միացյալ Նահանգների դեսպանատունը միաժամանակ հայտնել է, որ «ուշադիր հետևում է իրավիճակի զարգացմանը»: Նույն օրը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ «ոչ մի գործարք հնարավոր» չէ և պահանջել է «անվերապահ կապիտուլյացիա»:
Իրանի դեմ իսրայելա-ամերիկյան լայնածավալ հարձակման մեկնարկից ի վեր առաջին անգամ «Վաշինգտոն փոստը», հղելով ամերիկյան երեք բարձրաստիճան պաշտոնյայի, կասկածել է, որ Ռուսաստանը, ամենայն հավանականությամբ, Իրանին «արբանյակային հետախուզության տվյալներ է փոխանցում՝ ներառյալ ամերիկյան ռազմանավերի և օդուժի տեղակայման մասին տեղեկություններ»:
Ամերիկյան հեղինակավոր պարբերականի այդ հրապարակումը անուղղակի վկայում է, որ անցած օրերին Իրանը Միացյալ Նահանգներին, իրոք, բավական ցավոտ հարվածներ է հասցրել: Սպիտակ տան պաշտոնյաներից մեկը «Վաշինգտոն փոստին» ասել է, որ Ռուսաստանում քաջատեղյակ են Ուկրաինային ամերիկյան սպառազինությունների մատակարարումներից և, երևի, Իրանին աջակցում են «որպես պատասխան քայլ»:
Ըստ որոշ աղբյուրների, Իրանում «փաստացի իշխանություն իրականացնում են ԻՀՊԿ հրամանատարները, նախագահ Փեզեշքիանը ոչ մի լիազրություն չունի»: Իրանի Փորձագետների խորհրդին մոտ կանգնած աղբյուրները հերքել են Ալի Խամենեիի որդուն՝ Մոջթաբա Խամենեիին գերագույն հոգևոր առաջնորդ ընտրելու մասին երկու օր առաջ Iran Internacional-ի տարածած տեղեկությունը:
Ուշագրավ է, որ մինչ այդ արևմտյան մի շարք լրատվամիջոցներ տեղեկություն են տարածել, որ Մոջթաբա Խամենեին ժամանակին «Լոնդոնի մի բուժհաստատությունում բուժվել է սեռական անկարողությունից»:
Սոցիալական մեդիայում տեղեկություն է հայտնվել, որ Իրանի «քաղաքական ղեկավարությունը և ԻՀՊԿ հրամանատարությունը քննարկում են գերագույն հոգևոր առաջնորդի փոխզիջումային թեկնածու»:
Մի վարկածի համաձայն, այդ «պաշտոնում կարող է ընտրվել նախկին նախագահ Հասան Ռուհանին»: Այլ աղբյուրները պնդում են, որ գերագույն հոգևոր առաջնորդի «փոխզիջումային թեկնածուն իսլամական հեղափոխության խորհրդանիշ Ռուհուլլա Խոմեյնիի թոռն է՝ Հասան Խոմեյնին, ով նույնպես ունի չափավոր գործչի համարում»:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանը ամբողջականությունը պահպանելու համար ինքը «պետք է անձամբ մասնակցի նոր առաջնորդի ընտրությանը»: Թրամփը միաժամանակ Իրանի բարձրաստիճան դիվանագետներին կոչ է արել ներգրավվել ապագա կառավարության ձևավորմանը:
Իսրայելի վարչապետ Նաթանյահուն այցելել է ռազմաօդային ուժերի զորամաս և անոնսավորել Իրանի դեմ «ավելի հուժկու հարվածների նոր փուլ»:
Իրավիճակն, այսպիսով, բալանսավորվում է էսկալացիայի խորացման և ծավալման ու Իրանում նոր իշխանության ձեւավորման, այդպիսով պատերազմին վերջ տալու հնարավորության միջև: Այս ֆոնին ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթկովը հայտարարել է, որ ուկրաինական կարգավորման բանակցությունները «մոտակա մի քանի շաբաթների ընթացքում կհասնեն լուրջ առաջընթացի»:
Իրանում և նրա շուրջ, գուցե, առաջիկա մեկ-երկու շաբաթվա ընթացքում կրակի դադարեցման նախնական պայմանավորվածություններ ձեռք բերվեն, բայց սկզբունքային կարգավորման համար պահանջվելու է տևական ժամանակ:
Հնարավոր զարգացումներն ինչպե՞ս կազդեն Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության ինստիտուցիոնալացման գործընթացին: Իսրայելցի որոշ բլոգերներ պնդում են, որ Իրանը «գիտակցաբար պատերազմ է ընտրել, որպեսզի Պարսից ծոցի արաբական երկրները «Աբահամյան համաձայնություններին չմիանան, իսկ Հարավային Կովկասում ձախողվի TRIPP ծրագիրը»: