«Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանի ստեղծած «Ուժեղ Հայաստան» կուսակցությունն առաջարկել է Հայաստանում ստեղծել մթերման կայաններ գյուղատնտեսական արտադրանքի հավաքագրման, պահեստավորման և իրացման համար, մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել է կուսակցության խորհրդի նախագահ Նարեկ Կարապետյանը։ Armenia Today-ի YouTube ալիքն ուղիղ հեռարձակել է ասուլիսը։
Կարապետյանը ներկայացրել է ծրագրի տնտեսական տրամաբանությունը՝ նշելով, որ այն ուղղված է գյուղացիների համար արտադրանքի իրացման խնդրի լուծմանը, գյուղատնտեսական ռիսկերի նվազեցմանը և տարածաշրջանային տնտեսական համագործակցության ընդլայնմանը, այդ թվում՝ Իրանի հետ։
Մթերման կայանների ցանց ամբողջ Հայաստանում
Ծրագիրը նախատեսում է Հայաստանի բոլոր մարզերում ստեղծել գյուղմթերքի մթերման կայաններ, որոնք կդառնան արտադրողի և շուկայի միջև հիմնական միջնորդ օղակը։ Կարապետյանի խոսքով՝ այսօր գյուղացիների գլխավոր խնդիրներից մեկն իրենց արտադրանքը վաճառելն է, հատկապես՝ սեզոնի պիկային փուլում։
Նրա խոսքով՝ հայկական գյուղմթերքի նկատմամբ պահանջարկ կա նաև հարևան երկրներում, սակայն գյուղացին հաճախ չի կարողանում իր արտադրանքն արտահանել կամ արդյունավետ վաճառել, քանի որ բացակայում է կազմակերպված միջնորդությունը։
Նախատեսվող մթերման կայանները պետք է գնեն գյուղացիների արտադրանքը, ապահովեն դրա պահեստավորումը և հետագայում վաճառեն այն ինչպես հայկական շուկայում, այնպես էլ արտահանեն արտաքին շուկաներ։
Կարապետյանը նշել է, որ այս համակարգը վերաբերում է ինչպես մրգերին ու բանջարեղենին, այնպես էլ մսամթերքին։ Նրա խոսքով՝ Հայաստանը ներկայում մսամթերք ներմուծող երկիր է, չնայած այն հանգամանքին, որ տեղական գյուղատնտեսությունը կարող է ապահովել այդ արտադրության մեծ մասը։
Միաժամանակ, նա ընդգծել է, որ վերջին ութ տարվա ընթացքում Հայաստանի գյուղատնտեսությունն անկում է ապրել մոտ 10%-ով, ոլորտին ուղղվող պետական ծախսերը նույնպես կրճատվել են։
Յուրաքանչյուր մարզում՝ առնվազն երկու մթերման կայան
Ծրագրի համաձայն՝ յուրաքանչյուր մարզում նախատեսվում է ստեղծել առնվազն երկու մթերման կայան։ Կարապետյանի խոսքով՝ կարևոր է, որ գյուղացին հնարավորություն ունենա ընտրել մի քանի կայանի միջև, ինչը կստեղծի մրցակցություն և կնպաստի գյուղմթերքի ավելի բարձր գնով գնմանը։
Նա նաև նշել է, որ մթերման համակարգի կարևոր առավելություններից մեկն այն է, որ գյուղացիները տարվա սկզբին արդեն կիմանան, թե ի՞նչ գնով են վաճառելու իրենց բերքը։ Դա նրանց հնարավորություն կտա նախապես հաշվարկել ծախսերը և հնարավոր շահույթը։
Տարածքային մասնագիտացման շրջանակում Արարատյան դաշտ մթերման կայանները հիմնականում կենտրոնանալու են մրգերի և բանջարեղենի վրա։ Իսկ Գեղարքունիքի և Շիրակի մարզերում դրանք հիմնականում ուղղված կլինեն անասնապահության արտադրանքին, ինչպես նաև կարտոֆիլի և հացահատիկի մթերմանը։
Կուսակցության ուսումնասիրությունների համաձայն՝ գյուղացիները հիմնականում բախվում են երեք հիմնական խնդրի։ Առաջինը ոռոգման ջրի պակասն է։ Կարապետյանի խոսքով՝ Հայաստանում բազմաթիվ գյուղեր և այգիներ ունեն ոռոգման համակարգերի խնդիր՝ չնայած այն հանգամանքին, որ երկիրը համարվում է ջրառատ, և տարեկան ունի շուրջ 5 միլիարդ խորանարդ մետր ջրային պաշար։ Երկրորդ խնդիրը վարկային բեռն է։ Նրա խոսքով՝ շատ գյուղացիներ սեզոնի սկզբին վարկ են վերցնում՝ առանց վստահության, թե տարվա վերջում ի՞նչ գնով կկարողանան վաճառել իրենց բերքը։ Երրորդ խնդիրը գյուղատնտեսական տեխնիկայի անհասանելիությունն է։ Կարապետյանի գնահատմամբ՝ ժամանակակից տեխնիկայի առկայությունը կարող է զգալիորեն բարձրացնել գյուղատնտեսության արդյունավետությունը, իսկ մեկ տեխնիկայի պարկը կարող է սպասարկել ամբողջ շրջան։
Գյուղերում պետք է ապահովել կայուն եկամուտ
Պատասխանելով Հայաստանում 300 000 նոր աշխատատեղ ստեղծելու նախաձեռնության մասին Armenia Today-ի հարցին՝ Կարապետյանը նշել է, որ գյուղատնտեսության ոլորտում հիմնական նպատակն աշխատատեղերի թվի ավելացումը չէ, այլ գյուղացիական տնտեսությունների եկամտաբերության բարձրացումը։
Նրա խոսքով՝ գյուղատնտեսության ոլորտում այսօր արդեն մասնակի զբաղված է 300-400 հազար մարդ, սակայն նրանցից շատերը չունեն կայուն եկամուտ։ Ծրագրի նպատակն է ապահովել, որ գյուղական բնակավայրերում ապրող մարդիկ ունենան կայուն վաստակ։
Կարապետյանը նշել է նաև, որ որոշ շրջաններում հնարավոր է կիրառել մոդել, երբ մարդիկ համատեղում են ձեռնարկություններում աշխատանքը և գյուղատնտեսությամբ զբաղվելը։ Նրա խոսքով՝ գործարանները կարող են աշխատել ամբողջ տարվա ընթացքում, իսկ գյուղատնտեսական սեզոնի ընթացքում աշխատակիցները կկարողանան արձակուրդ վերցնել գյուղատնտեսական աշխատանքների համար։
Հայաստանը՝ որպես իրանական հումքի վերամշակման հանգույց
Կարապետյանն անդրադարձել է Հայաստանի և Իրանի միջև հնարավոր արդյունաբերական համագործակցությանը։
Նրա խոսքով՝ Իրանի նկատմամբ կիրառվող միջազգային պատժամիջոցները ժամանակին հնարավորություն են ստեղծել հարևան երկրների համար։ Նա օրինակ է բերել Արաբական Միացյալ Էմիրությունները, որը 1979 թվականի Իրանի իսլամական հեղափոխությունից հետո դարձել է Իրանի և համաշխարհային շուկաների միջև կարևոր ֆինանսական և առևտրային կենտրոն։
Կարապետյանի գնահատմամբ՝ Հայաստանը կարող է կիրառել նմանատիպ մոդել՝ գնելով իրանական հումք, վերամշակելով այն Հայաստանում և պատրաստի արտադրանքն արտահանելով ավելի մրցունակ պայմաններով։
«Մեր երկիրը, որպես ապագա արդյունաբերական զարգացող երկիր, (որին մենք տանելու ենք այդ ճանապարհով) օգտագործելու է, օգնելու է և գնելու է Իրանից հումք, վերամշակելու է Հայաստանում և մրցակցային ավելի լավ պայմաններով արտահանելու է»,- ասել է նա։
Նրա խոսքով՝ իրանական հումքը համեմատաբար ավելի մատչելի է, քանի որ սահմանափակ թվով երկրներ են այն գնում, ինչը հնարավորություն է տալիս ապահովել վերամշակման ավելի ցածր ինքնարժեք և բարձր մրցունակություն արտաքին շուկաներում։
Անդրադառնալով Իրանի շուրջ ստեղծված անվտանգային իրավիճակի մասին Armenia Today-ի հարցին՝ Կարապետյանը հեգնանքով է արձագանքել ՀՀ իշխանությունների գործողություններին։
«Կարծում եմ՝ «շատ ճիշտ արձագանք էր» մեր իշխանությունների կողմից։ Տեսա, թե ավտոբուսում ինչպիսի լուրջ քննարկումներ էին ընթանում Իրանում տեղի ունեցող գործընթացների վերաբերյալ։ Նաև մի քանի նկար տեսանք, թե պարոն վարչապետը և պարոն ԱԺ նախագահն ինչ լուրջ գործերով էին զբաղված Իրանի վրա հարձակման պահին։ Վստահ եմ, որ մեր մարտահրավերներին իրենց այս պրոֆեսիոնալ պատասխաններն ավելի են լավացնում մեր երկրի վիճակը»,- ասել է նա՝ մեկնաբանելով Նիկոլ Փաշինյանի և Ալեն Սիմոնյանի հրապարակած կադրերը, որտեղ նրանք կարկանդակ և եգիպտացորեն էին ճաշակում հասարակական տրանսպորտում։
Կարապետյանը նաև հիշեցրել է, թե ինչպես էր Փաշինյանը սոցցանցերում ուղիղ միացման ժամանակ «կիսատ էմոցիաներով և ժպիտով» հարցեր տալիս ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին՝ Իրանում իրավիճակի հետ կապված հարցերի շուրջ։
«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններում վարչապետի թեկնածու կառաջադրի «Տաշիր» Սամվել Կարապետյանին։
Նրա տնտեսական ծրագիրը բաղկացած է հինգ քայլից, որոնց թվում են 300 000 նոր աշխատատեղի ստեղծումը, փոքր բիզնեսի ազատումը հարկերից, դեղերի գների նվազեցումը 20%-ով, գյուղատնտեսության պետական աջակցությունը և մատչելի բնակարանաշինությունը։
Կարապետյանի նախաձեռնած շարժումը ներկայացրել էր նաև Մեղրիի զարգացման ծրագիր՝ շեշտը դնելով էներգետիկայի, լոգիստիկայի և բնակարանաշինության վրա, ինչպես նաև Գեղարքունիքի մարզի զարգացման նախագիծ՝ Սևանում ձմեռային տուրիզմի և ձկնաբուծության զարգացման ուղղությամբ։ Բացի այդ, ներկայացվել էր Հայաստանում քաղաքներում և գյուղերում գործազրկության կրճատման ծրագիր։
Շարժումը նաև հայտարարել էր Ալավերդու կենտրոնական այգու վերակառուցման ծրագրերի մասին, ինչպես նաև առաջարկել էր Վանաձորում իրականացնել երկու արդյունաբերական նախագիծ՝ վերականգնել պարարտանյութերի արտադրությամբ զբաղվող քիմիական գործարանը և քաղաքում ստեղծել նավթի վերամշակման կենտրոն։
