Մերձավոր Արևելքում հակամարտության սրման ֆոնին՝ նավթի գները շարունակում են աճել՝ հասնելով 2024 թվականի ապրիլից ի վեր ամենաբարձր մակարդակին: «Ինտերֆաքսի» փոխանցմամբ՝ Լոնդոնի ICE Futures բորսայում Brent տեսակի նավթի մայիսյան ֆյուչերսները թանկացել են 4,51 դոլարով (5,28 %-ով)՝ հասնելով 89,92 դոլարի մեկ բարելի դիմաց:
Ավելի վաղ առևտրաշրջանի ընթացքում գինը բարձրացել էր մինչև 90 դոլար: WTI տեսակի նավթի ապրիլյան ֆյուչերսները Նյու Յորքի ապրանքային բորսայում թանկացել են 6,04 դոլարով (7,46 %-ով)՝ հասնելով մեկ բարելի դիմաց 87,05 դոլարի:
Ինչպես գրում է The Wall Street Journal-ը՝ վկայակոչելով իրազեկ աղբյուրներին, Քուվեյթը սկսել է մի շարք հանքավայրերում կրճատել նավթի արդյունահանումը: Ըստ աղբյուրների՝ երկիրը դիտարկում է արդյունահանման կրճատում մինչև այն մակարդակը, որը կբավարարի միայն ներքին պահանջարկը:
ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ից մի շարք հարվածներ էին հասցրել Իրանի տարբեր թիրախների, որոնց հետևանքով զոհվել էին բազմաթիվ բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում՝ Գերագույն առաջնորդ Ալի Խամենեին։ Թեհրանը պատասխանել էր՝ թիրախավորելով Իսրայելը և Մերձավոր Արևելքի երկրների ամերիկյան ռազմաբազաները, փակել Հորմուզի նեղուցը, ինչն էլ տնտեսական նման իրավիճակի պատճառներից է:
