Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը զգուշացրել է Իրանի հնարավոր փլուզման վտանգի մասին՝ նշելով, որ նման զարգացումը կարող է լուրջ հետևանքներ ունենալ Եվրոպայի համար։ Մյունխենում կայացած մամուլի ասուլիսում Մերցը խոսել է Եվրոպայի համար «հեռահար հետևանքների» մասին։
Կանցլերի խոսքով՝ հակամարտության երկարաձգումը մեծացնում է անվտանգության, էներգամատակարարման և միգրացիայի հետ կապված ռիսկերը։
Նա ընդգծել է, որ իրավիճակի սրումը սպառնում է ոչ միայն Իսրայելի և ամբողջ Պարսից ծոցի տարածաշրջանի անվտանգությանը, այլև կարող է վտանգել Իրանի պետականությունն ու տարածքային ամբողջականությունը։
«Եթե մարտերը երկար շարունակվեն, մենք կարող ենք բախվել շատ ավելի լուրջ հետևանքների։ Այս պատերազմը երկարաձգելը մեր շահերից չի բխում»,-նշել է Մերցը։
Միաժամանակ Գերմանիայի կանցլերը վերահաստատել է, որ Բեռլինը շարունակում է աջակցել ԱՄՆ-ի և Իսրայելի նպատակներին։ Նա ընդգծել է, որ մտահոգիչ են Իրանի միջուկային և հրթիռային ծրագրերը, ինչպես նաև Թեհրանի աջակցությունը տարածաշրջանում գործող ուժերին։
Մերցի խոսքով՝ Գերմանիան ակտիվորեն համագործակցում է եվրոպական դաշնակիցների՝ Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի հետ, ինչպես նաև տարածաշրջանային գործընկերների հետ՝ մարտերը դադարեցնելու և հակամարտության դիվանագիտական լուծման ճանապարհ գտնելու նպատակով։