Այն, ինչ ժամանակին սկսվել էր որպես շվեդական ավիատոմսերի գների համեմատության պարզ կայք, այսօր վերածվել է աշխարհի ամենաազդեցիկ հարթակներից մեկի, որին միլիոնավոր մարդիկ դիմում են երկնքում տիրող քաոսին հետևելու համար։
The Guardian-ի փոխանցմամբ՝ Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր Flightradar24-ի այցելությունների թիվը կտրուկ աճել է, քանի որ մարդիկ իրական ժամանակում տեսնում են, թե ինչպես է Մերձավոր Արևելքի երկինքը դատարկվում ինքնաթիռներից։ Քարտեզի վրա հստակ երևում է, թե ինչպես են ավիաուղիները շրջանցում վտանգավոր գոտիները՝ սեղմվելով երկու նեղ օդային միջանցքների մեջ, որոնցից մեկն անցնում է հենց Կովկասի վրայով։
Հարթակի հիմնադիրները հիշում են, որ առաջին խոշոր թռիչքը գրանցվեց դեռևս 2010 թվականին՝ իսլանդական հրաբխի ժայթքման ժամանակ, որից հետո հարթակը դարձավ անփոխարինելի աղբյուր խոշոր աղետների և քաղաքական իրադարձությունների ժամանակ։ Flightradar24-ի միջոցով աշխարհը հետևել է Մալայզիական ավիաուղիների անհետացած ինքնաթիռի որոնումներին, Ալեքսեյ Նավալնիի տեղափոխմանը և անգամ Եղիսաբեթ Երկրորդ թագուհու վերջին թռիչքին, որը մինչ օրս բացարձակ ռեկորդակիր է՝ 4,8 միլիոն միաժամանակյա դիտողով։
Այս տեխնոլոգիական հսկան հիմնված է աշխարհով մեկ սփռված շուրջ 58,000 ռադիոընդունիչների ցանցի վրա, որոնցից շատերը տեղադրված են հենց կամավորների և ավիացիայի սիրահարների տներում։ Չնայած ճգնաժամերն ունենում են ժամանակավոր բնույթ, Flightradar24-ի օգտատերերի թիվը յուրաքանչյուր նման դեպքից հետո ավելի է մեծանում՝ հասնելով ամսական 60 միլիոնի։ Ինչպես նշում է ընկերության տնօրենը, մարտ ամսվա ցուցանիշները, Իրանում տիրող իրավիճակով պայմանավորված, պատմական առումով աննախադեպ կլինեն։
