Դեսպանությունը կապի մեջ Իսրայելում գտնվող մոտ երկու տասնյակ ՀՀ քաղաքացիների հետ․ ԱԳՆ

Իսրայելում այս պահին գտնվում է մոտ երկու տասնյակ ՀՀ քաղաքացի, որոնցից մեծ մասի հետ դեսպանությունը մշտական կապի մեջ է, հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։

Ըստ նրա՝ Իսրայելի զբոսաշրջության նախարարությունը հայտարարել է օտարերկրյա քաղաքացիների տեղափոխումը մինչև Եգիպտոսի հետ սահմանային անցակետ կազմակերպելու հնարավորության մասին։ Այդ մասին դեսպանությունը տեղեկացրել է ՀՀ քաղաքացիներին, որոնք նախընտրել են մնալ Իսրայելում և սպասել «Բեն Գուրիոն» օդանավակայանի աշխատանքի վերսկսմանը։

ԱԳՆ խոսնակը նաև նշել է, որ Իսրայելի տարբեր համալսարաններում և ավագ դպրոցներում ուսանում է մեկ տասնյակ ՀՀ քաղաքացի, ովքեր այս պահին Հայաստան վերադառնալու ցանկության մասին չեն տեղեկացրել։

Մարտի 6-ին ԱԳՆ-ից հայտնել էին, որ ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր՝ ԻԻՀ-ում ՀՀ դեսպանությանը դիմել է Հայաստանի քաղաքացիություն ունեցող երկու քաղաքացի, որոնցից մեկն առանց խոչընդոտների վերադարձել է Հայաստան։

Փետրվարի 28-ից ԱՄՆ-ն և Իսրայելը մի շարք հարվածներ էին հասցրել Իրանի տարբեր թիրախների, որոնց հետևանքով զոհվել էին բազմաթիվ բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում՝ Գերագույն առաջնորդ Ալի Խամենեին։ Թեհրանը պատասխանել էր տարածաշրջանում ԱՄՆ-ի և Իսրայելի մի քանի թիրախի հարվածելով: Միմյանց դեմ հարվածները շարունակվում են արդեն 7 օր։

Leave a Comment