6 մարտի 2026 – 18:07 AMT
PanARMENIAN.Net – Դատախազը մարտի 6-ին հաստատված մեղադրական եզրակացությամբ դատարան է հանձնել Մարտի 1-ի գործով երեք մեղադրյալների վերաբերյալ քրեական վարույթի նյութերը։ Խոսքը վերաբերում է 2008 թվականին ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակակետային գնդի հրամանատարի պաշտոնը զբաղեցրած Ռոբերտ Մելքոնյանին, նրա տեղակալ Վալերի Օսիպյանին և նույն գնդի վաշտի հրամանատար Կարեն Մովսիսյանին։
Դատախազությունից հիշեցրել են, որ 2008 թվականի մարտի 1-ին և 2-ին Երևանում տեղի ունեցած դեպքերի առթիվ Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում պարզվել է, որ 2008 թվականի փետրվարի 19-ին անցկացված նախագահական ընտրություններից հետո արձանագրված խախտումների պատճառով փետրվարի 20-ից Երևանի Ազատության հրապարակում կազմակերպվել և անցկացվել են քաղաքացիների խաղաղ հավաքներ։
Ըստ քննության տվյալների՝ 2008 թվականին ՀՀ ոստիկանության պետի ակնհայտ ապօրինի հրամանով մարտի 1-ին՝ ժամը 06։30-ի սահմաններում, ոստիկանության ծառայողները՝ այդ թվում պարեկապահակակետային գնդի ծառայողները, բռնությամբ և հատուկ միջոցների կիրառմամբ ցրել են Ազատության հրապարակում անցկացվող նստացույցը։ Ցրման ընթացքում հրապարակից հարկադրաբար հեռացվել են նաև վրաններում գտնվող և այնտեղ գիշերող հարյուրավոր խաղաղ ցուցարարներ։
Դատախազությունը նշում է, որ Ռոբերտ Մելքոնյանի, Վալերի Օսիպյանի և Կարեն Մովսիսյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել ոստիկանության այլ պաշտոնատար անձանց հետ հանցակցությամբ իրենց ենթակա ստորաբաժանման ծառայողների կողմից բռնության և հատուկ միջոցների կիրառմամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու համար։
Նրանց մեղադրանք է առաջադրվել 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված Քրեական օրենսգրքի 38-309-րդ հոդվածի 2-րդ մասով։
Դատախազությունից նաև հիշեցրել են, որ 2026 թվականի մարտի 3-ին դատարան է ուղարկվել Մարտի 1-ի գործով մեկ այլ մեղադրյալի՝ ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետի առաջին տեղակալ Հովհաննես Թամամյանի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը։
Քննության տվյալներով՝ Թամամյանը 2008 թվականի մարտի 1-ի վաղ առավոտյան առանց հիմնավորման ոստիկանության ծառայողներին հանձնարարել է ծեծի ենթարկել Ազատության հրապարակում անցկացվող հանրահավաքի մասնակիցներից մեկին և տեղափոխել նրան ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություն։
Նշվում է նաև, որ 2025 թվականի օգոստոսի 11-ին ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը վերացրել է ոստիկանության պետի նախկին տեղակալ Սաշա Աֆյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին 2020 թվականի որոշումը։ Նրա նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում նույն հոդվածով, իսկ քրեական գործի նյութերը 2026 թվականի հունվարի 9-ին ուղարկվել են դատարան։
Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: