Ադրբեջանի իշխանությունները հայտարարել են Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) կողմից պլանավորված «ահաբեկչական և դիվերսիոն գործողությունների, ինչպես նաև հետախուզական տվյալների հավաքագրման» կանխման մասին։
Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ «որպես թիրախներ ընտրվել են Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթատարը, Ադրբեջանում Իսրայելի դեսպանատունը, Լեռնային հրեական համայնքի առաջնորդներից մեկը և Աշքենազի սինագոգը»։
Ադրբեջանում նաև մահափորձ էր պլանավորվել հասարակական գործչի դեմ։ Գործի կապակցությամբ, ենթադրաբար, հայտնաբերվել է պայթուցիկ նյութ և երեք պայթուցիկ սարք։ Գործի առփիվ ձերբակալվել է Ադրբեջանի յոթ քաղաքացի, իսկ Իրանի չորս քաղաքացիներ միջազգային հետախուզման մեջ են։
Ձերբակալությունների մասին հայտարարությունը տեղի է ունեցել Նախիջևանում անօդաչու թռչող սարքի միջադեպից հետո Թեհրանի և Բաքվի միջև հարաբերություններում առաջացած ճգնաժամի ֆոնին։ Մարտի 5-ին ադրբեջանական լրատվամիջոցները հայտնել էին, որ Նախիջևանում ընկել է 2 ԱԹՍ, որոնք, ենթադրաբար, արձակվել էին Իրանից: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ երկրի զինված ուժերին հանձնարարվել է պատրաստվել պատասխան գործողությունների։ Թեհրանն, իր հերթին, մեղադրել էր Իսրայելին։ Ադրբեջանի իշխանությունները որոշել էին դադարեցնել բեռնատարների երթևեկությունն Իրանի սահմանին և 12 ժամով փակել էին օդային տարածքի մի մասը։ Մարտի 6-ին Ադրբեջանը հայտարարել էր, որ որոշել է ամբողջությամբ դուրս բերել Թեհրանում գտնվող դեսպանատան և Թավրիզում գտնվող գլխավոր հյուպատոսության անձնակազմը։
