Երևանի Արաբկիր վարչական շրջանում մարտի 6-ին՝ ժամը 06:30-ի սահմաններում կրակոցներ են հնչել, կա վիրավոր, հայտնում է Shamshyan.com-ը:
Կրակոցները հնչել են Վիկտոր Համբարձումյան փողոցում: Այնտեղ են ժամանել քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևանի քրեական վարչության ծառայողները։ Քրեական ոստիկանները հայտնաբերել են կրակված մոտ 6 պարկուճ։
Ըստ նախնական տեղեկությունների՝ մեկ հոգի տեղափոխվել է Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց։ Այս պահին քրեական ոստիկանները ու քննիչները պարզում են՝ արդյոք այլ վիրավորներ կան, թե ոչ, ինչպես նաև դեպքի հանգամանքներն ու վիրավորի ինքնությունը:
Կայքի տեղեկություններով՝ կրակոցները տեղի են ունեցել ոչ միայն Վիկտոր Համբարձումյան 1 հասցեի, այլ նաև Բաղրամյան 68 շենքում գործող «Վիվառո»-ի դիմաց։
Դեպքի փաստով Արաբկիրի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
