Ինչու՞ հարվածել Նախիջևանին․ Իրանի հուսահատ մռնչյունները

Ինչու՞ հարվածել Նախիջևանին․ Իրանի հուսահատ մռնչյունները

Մարտի 5-ին հեռահար հարվածներ են հասցվել Նախիջևանի միջազգային օդանավակայանի տերմինալին և Շաքարաբադ գյուղի դպրոցի հարակից տարածքին։ Հարձակման հետևանքով օդանավակայանի տերմինալը կրել է կառուցվածքային վնասներ։ Նախնական տվյալներով՝ 4 քաղաքացիական անձ վիրավորվել է։

Դիվանագիտական մակարդակում Բաքուն արձագանքել է անհապաղ։ Այդ երկրի ԱԳՆ-ն տեղի ունեցածը որակել է որպես քաղաքացիական օբյեկտների դեմ ուղղված անհիմն ագրեսիա և ընդգծել է, որ Իրանը կրում է լիակատար պատասխանատվություն կատարվածի համար։ ԱԳՆ է կանչվել Ադրբեջանում Իրանի դեսպանը։ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հարձակումը որակել է որպես սադրիչ գործողություն և նշել, թե դա անհետևանք չի մնա։ Նախնական տվյալներով՝ հարձակումն իրականացվել է իրանական արտադրության «Shahed-136» (կամ դրա տեղական մոդիֆիկացիաների) տեսակի կամիկաձե-ԱԹՍ-ների միջոցով։

Պաշտոնական Թեհրանն արդեն հերքել է իր մասնակցությունը՝ պնդելով, թե իրենք ընտրողական հարվածներ են հասցնում միայն այն երկրներին, որոնք ռազմաբազա են տրամադրում ԱՄՆ-ին։

Նախօրեին Թուրքիան իր հերթին Իրանին մեղադրեց իր տարածքի նկատմամբ հրթիռային հարձակման համար՝ պնդելով, թե չնայած հրթիռը չեզոքացվել է Թուրքիայի օդային սահմաններից դուրս, այն ուղղված է եղել հենց իրենց դեմ, ինչով պայմանավորված՝ Անկարան խիստ նախազգուշացում է հղել Թեհրանին։ Այդ պնդումներից հետո էլ Թեհրանը պատասխանեց, որ իրենք որևէ կապ չունեն դեպի Թուրքիա արձակված հրթիռի հետ։

Եթե հաստատվի, որ հարձակումն իրականացվել է «Shahed» տեսակի կամիկաձե-ԱԹՍ-ների միջոցով, ապա Թեհրանի համար դժվար կլինի հերքել իր առնչությունը։ Միևնույն ժամանակ ակնառու է, որ թե՛ Բաքուն և թե՛ Անկարան ձգտում են իրենց համար պատերազմին միջամտելու, դրանում մասնակցություն ունենալու լեգիտիմ հիմք ստեղծել։ Կամ՝ որևէ երրորդ կողմ խիստ շահագրգռված է, որ այդ երկու երկրները ևս միանան հակաիրանական կոալիցիային։

Ազերա-քրդական զուգահեռներ

Ուշագրավ է, որ ԱԹՍ-ները Նախիջևան են «ուղևորվում» նախօրեին տեղեկատվական դաշտ նետված երկու կարևոր ինֆորմացիաների ֆոնին։ Առաջինն այն էր, որ Ադրբեջանը զորք է կուտակում Իրանի սահմանին, որը ներառում է նաև զրահատեխնիկա։ Երկրորդ՝ մարտի 4-ի ուշ երեկոյան ամերիկյան աղբյուրները, անանուն հղումներով, տեղեկատվություն հրապարակեցին, թե քրդական զինված խմբավորումները Իրաքյան Քուրդիստանի տարածքից անցել են Իրան՝ ցամաքային գործողություններ սկսելու։ Պաշտոնապես որևէ կողմ սա չի հաստատել, ավելին՝ Իրաքյան Քուրդիստանի ղեկավար Բարզանին Իրանի արտգործնախարար Արաղչիի հետ զրույցում ընդգծել էր, որ իրենք Իրանի սուվերենության դեմ որևէ գործողություն չեն ձեռնարկի։ Հաշվի առնելով այն տեղեկությունը, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մարտի 4-ին հեռախոսազրույց է ունեցել Իրաքի Քուրդիստանի առաջնորդների հետ, ակնհայտ է դառնում ԱՄՆ-ի շահագրգռությունը՝ Իրանի իշխանությունների համար իրատեսական դարձնել քրդական գործոնի սրման միջոցով Իրանում ներքին էթնիկական անջատողականություն հրահրելու, այսինքն՝ Իրանի մասնատման ծրագիր գործարկելու հեռանկարը։ Այսպիսի կոնֆիգուրացիայում Ադրբեջանի գործոնը դառնում է ոչ երկրորդական՝ հաշվի առնելով Իրանում շուրջ 16-20 մլն-ի հասնող ազերիական էթնիկական միավորի գործոնը։

Թերևս պատահական չէ, որ Նախիջևանում ԱԹՍ-ներով հարվածներին գրեթե զուգահեռ Իրանի զինված ուժերը հայտարարեցին, որ հարվածներ են հասցրել Իրաքի քրդական ինքնավար շրջանում տեղակայված այն խմբավորումների շտաբներին և օբյեկտներին, որոնց Իրանի իշխանությունները համարում են «հեղափոխությանը հակառակ» և «ահաբեկչական», և որոնք կարող են ներգրավվել սահմանային անկարգությունների մեջ կամ օգտագործվել արտաքին ուժերի կողմից՝ Իրանի դեմ երկրորդ ճակատ բացելու համար։ Այս իմաստով երկու գործողությունների համաժամանակյա բնույթը չափազանց ուշագրավ է։

Իրանի հաշվարկը

Պետք է ենթադրել, որ եթե հարվածը եղել է Իրանի կողմից, ապա այդ կերպ Թեհրանը նախազգուշացնում է ինչպես քրդերին, այնպես էլ Ադրբեջանին, թե ինչ հետևանքներ կլինեն, եթե նրանք փորձեն ԱՄՆ-ի և Իսրայելի հրահրմամբ Իրանում միջէթնիկական բախումներ կամ անջատողական գործողություններ գեներացնել, և որ անկախ իր ծանրագույն դրությունից՝ Իրանի կենտրոնական իշխանությունները ունակ են չեզոքացնելու նման սցենարները ցանկացած գնով։ Դա հասկանալի է՝ ամենավտանգավոր էքզիստենցիալ ռիսկը հենց ներքին պառակտումն ու բախումներն են, որոնք կարող են Իրանը վերածել նոր Սիրիայի։ Սա ավելի մեծ ռիսկեր է պարունակում Իրանի սուվերենության և տարածքային ամբողջականության համար, քան քառապատիկ ավելի մեծ ռեսուրսներով օդային հարվածները ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից։

Այսպիսի նախահարձակ-կանխարգելիչ քայլերով Իրանը կարող է փորձել լուծել նաև ռազմավարական ևս մեկ կարևոր խնդիր․ ընդլայնել պատերազմում ներգրավվող պետությունների քանակը։ Դա տեղավորվում է պատերազմի գինը տարածաշրջանի համար կատաստրոֆիկ աստիճանի մեծացնելու նրա կոնցեպտի մեջ։ Հաշվարկը պարզ է․ այնպես անել, որ պատերազմի հետևանքները զգալի լինեն բոլոր այն երկրների համար, որոնք կարող են տնտեսապես շահել Իրանի գործոնի թուլացումից, որոնք որևէ կերպ կարող են աջակցել Իսրայելին և ԱՄՆ-ին իրենց հակաիրանական պլաններում։ Իրանի մոտ դեռ չեն փարատվել կասկածները Ադրբեջանի առնչությամբ առ այն, որ վերջինս Իսրայելի համար հետախուզական պլացդարմ էր դարձել 2025 թ․ հունիսի 12-օրյա պատերազմի ժամանակ։ Թուրքիայի դեպքում թիրախը նրա էներգետիկ տարանցման պոտենցիալն է և այն հնարավոր տարածաշրջանային դերի մեծացումը, որը Անկարան կարող է ունենալ Իրանի թուլացման դեպքում։

Նոր ռիսկեր՝ նաև Հայաստանի համար

Սակայն սա չափազանց ռիսկային խաղ է Իրանի համար։ Մեծացնելով պատերազմի աշխարհագրությունը և հույսը դնելով նրա վրա, որ քաոսից ու տնտեսական գահավիժումից խուսափելու համար այդ երկրները միահամուռ սկսելու են ԱՄՆ-ից ու Իսրայելից պահանջել կանգնեցնել պատերազմը՝ Թեհրանը մեծացնում է իր դեմ կոալիցիայի մասշտաբները։ Ադրբեջանի և Թուրքիայի դեպքում դա կարող է աղետալի հետևանքներ ունենալ այն իմաստով, որ նրանց հետ ունի ցամաքային սահման, և էականորեն բարձր է լինելու հենց այդ ուղղություններից Իրանի դեմ ցամաքային գործողություններ սկսելու հնարավորությունը, եթե այդպիսի որոշում Վաշինգտոնում կայացվի։

Որևէ կասկած չի կարող լինել, որ իսլամիստական վարչախմբի զգալի թուլացումից, Իրանի ռազմական պոտենցիալի նշանակալի կորուստներից հետո, երբ ակնառու կդառնա Իրանի դիմադրողականության կրիտիկական վիճակը, առաջինը հենց Թուրքիան ու Ադրբեջանն են միանալու հակաիրանական կոալիցիային՝ պատառոտված Իրանից իրենց մասնաբաժինն ստանալու, Իրանի հյուսիսարևմտյան շրջանների նկատմամբ այնպիսի տոտալ վերահսկողություն ստանալու համար, ինչպիսին այսօր Թուրքիան ունի Սիրիայի և Իրաքի հյուսիսային շրջաններում։

Հետևաբար չի կարելի բացառել, որ Ադրբեջանն ու Թուրքիան պարզապես փորձում են «առևտրի» կողմ դառնալու հիմքեր ստեղծել իրենց համար, և նման համեմատաբար «անմեղ» հարձակումները բխում են նրանց շահերից։

Գոռ Աբրահամյան

Leave a Comment