5 մարտի 2026 – 18:11 AMT
PanARMENIAN.Net – Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ընդունել է «Ռոսատոմ» պետական կորպորացիայի գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Կիրիլ Կոմարովին, քննարկել նրա հետ էներգետիկ անվտանգության ապահովման հարցեր:
Քննարկվել են Հայաստանում «Ռոսատոմի» հետ համագործակցության շրջանակում իրականացվող ծրագրերի ընթացքը և դրանց իրականացման հետագա քայլերը։
Անդրադարձ է եղել նաև էներգետիկ ոլորտում փոխշահավետ համագործակցության զարգացմանը և տարածաշրջանում էներգետիկ ռեսուրսների առևտրի ընդլայնման հնարավորություններին։
2023 թվականին «Ռոսատոմ սերվիսը» և «Հայկական ԱԷԿ» փակ բաժնետիրական ընկերությունը կնքել են համաձայնագիր, որով կայանի շահագործման ժամկետը երկարաձգվում է մինչև 2036 թվականը։ Մինչ այդ, իշխանությունները դիտարկում են նոր ատոմակայան կառուցելու տարբերակը։
ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո հայտարարել է, որ Հայաստանը և ԱՄՆ-ն ավարտել են քաղաքացիական միջուկային էներգիայի ոլորտում 1-2-3 համաձայնագրի շուրջ բանակցությունները՝ բացելով լայն հնարավորություններ խոշոր ծրագրերի իրականացման համար։ Նա նշել է, որ դա ենթադրում է մինչև 5 միլիարդ դոլարի սկզբնական արտահանում ԱՄՆ-ից՝ գումարած 4 միլիարդ դոլարի աջակցություն վառելիքի և սպասարկման միջոցով: