Փաշինյան․ Օգոստոսի 8-ի համաձայնությունների արդյունքում Պարսից ծոց-Սև ծով գիծը պետք է աշխատի

Փաշինյան․ Օգոստոսի 8-ի համաձայնությունների արդյունքում Պարսից ծոց-Սև ծով գիծը պետք է աշխատի

5 մարտի 2026 – 17:27 AMT

PanARMENIAN.Net – Օգոստոսի 8-ի համաձայնությունների արդյունքում Պարսից ծոց-Սև ծով գիծը պետք է աշխատի, որտեղ և Հայաստանը, և Վրաստանը, և Ադրբեջանը հավասար ներգրավվածություն ունեն, ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը ճեպազրույցում:

Նա հույս է հայտնել, որ կայունությունը և խաղաղությունն Իրանի շուրջ հնարավորինս արագ կվերականգնվի, հայտնում է 1lurer.am-ը:

Նա անդրադարձել է նաև TRIPP նախագծին և տարածաշրջանի երկրների հնարավոր շահերին։

«Մենք ոչ թե պետք է մտածենք 50 բեռնատարը ինչպես իրարից տանենք, այլ պետք է մտածենք՝ 500 հազար բեռնատարի համար ինչպես Հարավային Կովկասը դարձնենք ամենագրավիչ, անվտանգ, արագ միջանցքը, որպեսզի բեռներն այստեղով հոսեն՝ բոլորիս բերելով տասնյակ միլիարդ դոլարների օգուտներ»,-ասել է նա:

Ըստ վարչապետի՝ Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի ենթակառուցվածքներն անգամ ռազմավարական ներդրումով կարող են բավարար չլինել կանխատեսվող հոսքերն ապահովելու համար:

«Չմոռանանք, որ TRIPP-ը խաղաղության խաչմերուկի մաս է»,-ասել է նա:

Վաշինգտոնում ՀՀ, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարներ Նիկոլ Փաշինյանը, Իլհամ Ալիևն ու Դոնալդ Թրամփը պաշտոնապես համաձայնության են եկել «Թրամփի ուղին» գործարկելու շուրջ։

«Երթուղին թույլ կտա, որ Ադրբեջանը կարողանա հասնել Նախիջևան՝ լիովին հարգելով Հայաստանի ինքնիշխանությունը։ Հայաստանը նաև բացառիկ գործընկերություն է ստեղծում ԱՄՆ-ի հետ, որպեսզի զարգացնի այս միջանցքը, ժամկետը կարող է մինչև 99 տարով երկարաձգվել, խոստացել են 99 տարուց հետո էլ երկարաձգել 99 տարով։ Ենթակառուցվածքային լուրջ զարգացումներ ենք ակնկալում, ամերիկյան ընկերություններն անհամբեր սպասում են՝ մուտք գործելու այս երկրներ և մեծ գումարներ ծախսելու, ինչը տնտեսական օգուտներ կբերի մեր երեք պետություններին»,–ասել է Թրամփը։

Սեպտեմբերի 11-ին Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հայաստանի կողմից ամերիկյան կողմին ոչ թե հող է տրվել վարձակալությամբ 99 տարով, այլ տրամադրվել է կառուցապատման իրավունք։

Leave a Comment