
Իշխանական լրատվամիջոցը մեկնաբանելություն է ստացել իշխող կուսակցությունից Միլլի մեջլիսի պատգամավոր, քաղաքագետ Ռասիմ Մուսաբեկովից: Նա սոցցանցային նյութերը «պատվիրված են այն ուժերի կողմից, որ ձգտում են Ադրբեջանը հակադրել Իրանին»: Նրա գնահատմամբ, «փաստացի այդպես կարող են վարվել Իրանի թշնամիները՝ Իրանին մղել Ադրբեջանի դեմ ինչ-որ քայլերի, որպեսզի Ադրբեջանը միանա Իրանի թշնամիներին»:
Պետք է նկատի ունենալ, որ նախօրեին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը այցելել է Բաքվում Իրանի դեսպանատուն: Այդ առթիվ նկատել էինք, որ նա ցավակցություն է հայտնել ոչ միայն Իրանի հոգեւոր առաջնորդ այաթոլլա Խամենեիի, այլև «բազմաթիվ քաղաքացիների զոհվելու» առթիվ: Ընդ որում, ընդգծել էինք, որ Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքը Ալիևի կողմից ԻԻՀ դեսպանատան ցավակցությունների մատյանում արված գրառման բովանդակությունը չի հրապարակայնացրել:
Չնայած դրան Իրանի «բազմաթիվ քաղաքացիների զոհվելու» առթիվ ցավակցությունը դիվանագիտական ժեստի իմաստով նշանակում է, որ Ալիևը ընթացող ռազմագործողությունները որակել է որպես «ռազմական ագրեսիա»: Ըստ երևույթին, այդ կապակցությամբ նա «որևէ կենտրոնից» բացասական ընկալման ազդակ է ստացել: Մարտի 4-ի երեկոյան նախկին արտգործնախարար Զուլֆուգարովը ֆեյսբուքի անհատական օգտահաշվում «Երևանում ԱՄՆ դեսպանատունը կդառնա՞ Իրանի թիրախ» սադրիչ «քննարկում» է ծավալել: Հաջորդ օրը պատգամավոր Մուսաբեկովը, նախ քան կտարածվեր Նախիջևանի օդանավակայանը «Իրանից հարձակման ենթարկվելու» տեղեկությունը, կանխատեսում է արել, որ «Իրանի թշնամիները ձգտում են Ադրբեջանը ներգրավել իրենց շարքերը»:
Նախիջևանի միջադեպի առթիվ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել, որով պատասխանատվությունը միանշանակորեն հասցեագրվում է Իրանին: Բաքուն Թեհրանից պահանջել է անհապաղ պարզություն մտցնել և ամեն ինչ անել, որպեսզի ապագայում նման դեպք տեղի չունենա: Հակառակ դեպքում Ադրբեջանը իրեն «իրավունք է վերապահում դիմել պատասխան գործողությունների»:
Ավելի վաղ Gazetchi ոչ այնքան հայտնի կայքը տեղեկություն է տարածել, որ Ադրբեջանը Իրանի հետ «սահմանին զորքեր է կուտակում»: Իրանի դեմ իսրայելա-ամերիկյան հարձակման օրը մամուլում տեղեկություն է հայտնվել, որ ԱՄՆ «արբանյակները Գյանջայի ռազմական օդանավակայանը ենթարկել են դետալային տեսանկարահանման, իսկ ադրբեջանական օդուժը Իրանի հետ սահմանին հետախուզական թռիչքներ է իրականացնում»: Առայժմ շատ բարդ է կողմնորոշվել՝ Իրանը «թշնամիները ձգտում են Ադրբեջանին ներքգրավել իրենց շարքե՞րը», թե «այդ շարքերին մասնակցությունը հիմնավորելու համար Բաքուն կազուս-բելի՞ է ստեղծում»: