Իրանի դեմ գործողությունների համար ԱՄՆ-ից ևս առնվազն 100 օր կպահանջվի. Politico

Իրանի դեմ գործողությունների համար ԱՄՆ-ից ևս առնվազն 100 օր կպահանջվի: Այս տեղեկությունն իր տրամադրության տակ հայտնված ներքին փաստաթղթից մեջբերել է Politico պարբերականը։

Իրադարձությունների զարգացումն, ըստ թերթի, վկայում է, որ ԱՄՆ-ի գործողությունները Իրանի դեմ կարող են տևել ավելի երկար, քան Դոնալդ Թրամփի հայտարարած չորսշաբաթյա ժամկետը: «Մենք ականատես եղանք լիովին ինքնաբուխ գործողության, որի ընթացքում, ըստ երևույթին, ոչ ոք իրականում չէր հասկանում և չէր հավատում ռազմական գործողությունների անխուսափելիությանը: Տպավորություն է, որ նրանք արթնացան շաբաթ առավոտյան և որոշեցին պատերազմ սկսել», – Politico-ին ասել է Մերձավոր Արևելքի հարցերով զբաղվող նախկին բարձրաստիճան ամերիկացի դիվանագետ Ջերալդ Ֆայերշտայնը:

Թերթի գնահատմամբ, այն, որ Թրամփի վարչակազմը «լիովին պատրաստ չէր» լայնամասշտաբ պատերազմի, վկայում է նաև Պետդեպարտամենտի կողմից Մերձավոր Արևելքից ամերիկացիների տարհանման համար լրացուցիչ ռեսուրսների հատկացումը: Պարբերականին հայտնի է դարձել, որ Պետդեպարտամենտը Աթենքում ԱՄՆ դեսպանատուն է ուղարկում լրացուցիչ անձնակազմ՝ քաղաքացիներին աջակցություն ցուցաբերելու համար:

Անանուն ամերիկացի պաշտոնյան թերթին հայտնել է, որ Պենտագոնը փորձում է տարածաշրջան ուղարկել հակաօդային պաշտպանության լրացուցիչ միջոցներ, հատկապես ավելի կոմպակտ և էժան համակարգեր՝ անօդաչու թռչող սարքերին հակազդելու համար:

Իսրայելն ու ԱՄՆ-ն փետրվարի 28-ին հայտարարել էին Իրանի դեմ լայնածավալ մարտական ​​գործողություններ սկսելու մասին: Ի պատասխան՝ Իրանը հայտարարել էր Իսրայելի և տարածաշրջանում ամերիկյան թիրախների դեմ հրթիռային գործողության մեկնարկի մասին: Մարտի 1-ին Իրանը հաստատել էր երկրի Գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի մահը: Երկու կողմում էլ զոհերի թիվը ժամ առ ժամ փոխվում է։

Ավելի վաղ ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնել էին, որ Իրանից արձակված ԱԹՍ-ն ընկել է Նախիջևանի տարածքում։

Leave a Comment