5 մարտի 2026 – 18:01 AMT
PanARMENIAN.Net – ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանը մասնակցելու է առաջիկա խորհրդարանական ընտրություններին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության «Առաջարկ Հայաստանին» ծրագրով՝ Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ։ Այդ մասին նա հայտնել է ֆեյսբուքյան իր էջում:
Նա նշել է, որ 2025թ․-ի Գյումրու ՏԻՄ ընտրություններին մասնակցել է նաև այն նպատակով, որ ՔՊ-ն Գյումրիում իշխանություն չունենա:
Նրա խոսքով՝ համառ պայքարի արդյունքում հաջողվել է հասնել նրան, որ ՔՊ-ն Գյումրիում իշխանություն չի ստացել։ Նա ընդգծել է, որ այդ ընթացքում իր թիմը անցել է լուրջ փորձությունների միջով։
Հավասարակշռված, համառ և անկոտրում պայքարի արդյունքում՝ բոլորս միասին հասանք նրան, որ ՔՊ-ն Գյումրիում չունեցավ իշխանություն»,-գրել է նա:
Նա հացելել է, որ Գյումրու ընտրությունները լավագույն օրինակն են այն մարդկանց համար, ովքեր կարծում են, որ այլևս ընտրություններով որևէ բան փոխել չի հաջողվելու։
«Թիմակիցներիս հետ այս օրերին եկանք այն որոշման, որ մենք մասնակցելու ենք ԱԺ ընտրություններին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության «Առաջարկ Հայաստանին» ծրագրով՝ Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ։ Ով իր հսկայական փորձով՝ համախմբվածության, համերաշխության մթնոլորտ ստեղծելով, մեծ հնարավորություններով, անձնական կապերով եղել և կմնա բոլոր ժամանակների այն քաղաքական գործիչն ու բարերարը, ով մեր երկրի մեծ ու փոքր գյուղերի ու քաղաքների հոգսով ու խնդրով ապրող ընկեր է։
Հընթացս կներկայացնեմ ու կհիշեցնեմ Գագիկ Ծառուկյանի և իմ՝ տարիների համատեղ իրականացրած այն հսկայածավալ աշխատանքները, որոնք ուղղված էին շիրակցու և գյումրեցու կյանքի որակի բարելավմանը։
Առաջիկայում կխոսենք «Առաջարկ Հայաստանին» ծրագրի դրույթներից, մասնավորապես, Շիրակի մարզին և Գյումրուն առնչվող ծրագրերից»,-գրել է նա:
Ազգային ժողովի պատգամավոր Արթուր Սարգսյանը դատարանում հայտարարել է, որ մասնակցելու է առաջիկա խորհրդարանական ընտրություններին, հայտնում է Panorama.am-ը:
Նա նախագահող դատավոր Կարեն Ֆարխոյանից հետաքրքրվել է, թե ինչու նախորդ նիստում, երբ իր տնային կալանքը երկարացվել է ևս երեք ամսով, իրեն խոսքի իրավունք չի տրվել։
«Միգուցե ինձանից եք վախենում, ասեմ, դրա կարիքը չկա, բայց դուք վախենում եք ոչ թե ինձանից, այլ իմ ճշմարիտ խոսքից»,- ասել է ընդդիմադիր պատգամավորը։
Սարգսյանը նշել է, որ դատարանը սահմանափակել է իր տեղաշարժը, սակայն չի կարող սահմանափակել իր սկզբունքները։
«Չեք կարող սահմանափակել էն սյունեցիների կամքը, ովքեր կանգնած են իմ թիկունքում։ Կլինեմ բանտում, փողոցում, թե այլուր, պայքարը շարունակելու եմ, որպես սյունեցի ես չեմ ծնկելու, առաջիկայում մասնակցելու եմ խորհրդարանական ընտրություններին»,- ասել է նա՝ ընդգծելով, որ դատարանը սահմանափակել է նաև իր ընտրողների կամքն ու իրավունքը։
Ի պատասխան՝ դատավոր Կարեն Ֆարխոյանը նշել է, որ որևէ մեկից չի վախենում։
«Առավել ևս ձեզանից կամ որևէ այլ անձից»,- ասել է Ֆարխոյանը։
ՀՀ-ում խորհրդարանական ընտրություններն անցկացվելու են 2026-ի հունիսի 7-ին: