Ադրբեջանի նախագահը Նախիջևանի վրա Իրանի հարձակումը անվանել է «ահաբեկչություն». Известия

Ադրբեջանը  դատապարտում է ահաբեկչության այս սարսափելի ակտը, և մեղավորները պետք է անհապաղ ենթարկվեն պատասխանատվության, ասել է Ալիևը


ԵՐԵՎԱՆ, 5 մարտի․/Նովոստի-Արմենիա/․ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Նախիջևանի վրա իրանական անօդաչու թռչող սարքերի հարձակումը անվանել է ահաբեկչություն և պահանջել մեղավորներին պատասխանատվության ենթարկել։ Այս մասին մարտի 5-ին հայտնել է Известия-ն՝ հղում անելով «Azertag» գործակալությանը:


«Նախիջևանի միջազգային օդանավակայանը, դրա տերմինալը, դպրոցը և այլ հատվածներ Իրանի կողմից անվերահսկելի կրակի են ենթարկվել։ Ադրբեջանը դատապարտում է ահաբեկչության այս սարսափելի ակտը, և մեղավորները պետք է անհապաղ ենթարկվեն պատասխանատվության», -հայտարարել է Ադրբեջանի նախագահը Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ։


Ալիևը հիշեցրել է, որ սա առաջին միջադեպը չէ՝ նշելով որոշ ժամանակ առաջ Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա կատարված հարձակումը։


Նրա խոսքով՝ այս հարձակման պատասխանը լինելու է խիստ։ Զինված ուժերին հանձնարարվել է պատրաստել արձագանքման միջոցներ։ Միևնույն ժամանակ, նախագահն ընդգծել է, որ Ադրբեջանը չի մասնակցել և չի մասնակցելու հարևան պետության դեմ գործողություններին, քանի որ դա չի մտնում իր քաղաքականության մեջ։


«Ադրբեջանցի ժողովուրդը պետք է վստահ լինի, որ ցանկացած չար ուժ իր դեմ կտեսնի մեր «Երկաթե բռունցքը»»,- հավելել է նա։


Ադրբեջանի նախագահը նաև տեղեկացրել է, որ միջադեպի հետ կապված Իրանի դեսպանը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ, նրան կհանձնվի բողոքի նոտա, ձեռնարկվում են նաև դիվանագիտական այլ քայլեր։ Պաշտպանության նախարարությունը, Պետական սահմանապահ ծառայությունը և բոլոր հատուկ նշանակության ուժերը «բերվել են առաջին զորահավաքային վիճակի»։


Նշենք, որ ըստ Reuters -ի, որը հղում է արել Ադրբեջանի կառավարությանը մոտ կանգնած աղբյուրին, Իրանից արձակված հրթիռներն ու անօդաչու թռչող սարքերը հինգշաբթի օրն ընկել են Ադրբեջանի անկլավ Նախիջևանի օդանավակայանի տարածքում։


Իրանի տարածքից Նախիջևանի ուղղությամբ արձակված ԱԹՍ–ներից մեկն ընկել է դպրոցի մոտ, մյուսը՝ օդանավակայանի տերմինալի շենքի վրա, երկու մարդ տուժել է։


Այնուհետև Իրանի փոխարտգործնախարար Քազեմ Ղարիբաբադին հերքել է Թեհրանի մասնակցությունը Նախիջևանի միջազգային օդանավակայանի շրջանում ԱԹՍ-ների հետ կապված միջադեպին։

Leave a Comment