5 մարտի 2026 – 16:39 AMT
PanARMENIAN.Net – Իրանի փոխարտգործնախարար Քազեմ Ղարիբաբադին հերքել է Թեհրանի մասնակցությունը Նախիջևանի միջազգային օդանավակայանի շրջանում ԱԹՍ-ների հետ կապված միջադեպին:
«Իրանը հարվածներ չի հասցնում հարևան երկրներին։ Տվյալ միջադեպը մանրակրկիտ հետաքննություն է պահանջում»,- հայտարարել է պաշտոնյան, հայտնում է 1lurer.am-ը:
Նա ընդգծել է, որ Իրանի հարվածների թիրախ կարող են դառնալ միայն այն պետությունները, որոնք իրենց տարածքն են տրամադրում Իրանի հակառակորդների ռազմակայանները տեղակայելու համար:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ երկրի զինված ուժերին տրվել են համապատասխան հանձնարարականներ՝ կապված իրանական անօդաչու թռչող սարքերի հարվածների մասին հաղորդումների հետ, հայտնում է APA-ն:
Ալիևը այս հայտարարությունն արել է մարտի 5-ին անցկացված Անվտանգության խորհրդի նիստի ընթացքում։
«Մենք չենք համակերպվի Ադրբեջանի դեմ իրականացված այս անհիմն ահաբեկչական գործողության և ագրեսիայի հետ»-ասել է նա:
Ալիևը հավելել է, որ Ադրբեջանի զինված ուժերին հանձնարարել է պատրաստել և իրականացնել պատասխան միջոցներ։
Նա ասել է, որ Իրանի պաշտոնյաները պետք է բացատրություն տան միջադեպի վերաբերյալ և ներողություն խնդրեն: Նա հավելել է, որ Ադրբեջանը չի մասնակցել և չի մասնակցելու Իրանի դեմ գործողություններին:
Ավիահաղորդակցությունը Նախիջևանում կասեցվել է, ինչպես ներքին, այնպես էլ միջազգային ուղղություններով:
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Իրանն ԱԹՍ-ներով հարվածել է Նախիջևանի օդանավակայանին: Եվս մի քանի անօդաչու թռչող սարքեր ընկել են այլ տարածքներում։ Ավելի ուշ հաղորդվել է, որ ԱԹՍ-ներից մեկն ընկել է դպրոցի հարևանությամբ: