ՊԵԿ․ Իրանից բեռնափոխադրման ծավալների որոշակիորեն նվազել են

ՊԵԿ․ Իրանից բեռնափոխադրման ծավալների որոշակիորեն նվազել են

5 մարտի 2026 – 16:32 AMT

PanARMENIAN.Net – Վերջին օրերին նկատվում է Իրանից բեռնափոխադրման ծավալների որոշակի նվազում, հայտնել է ՀՀ Պետական եկամուտների կոմիտեն:

Նշվել է նաև, որ Հայաստանի և Իրանի սահմանին՝ Ագարակ անցակետից դուրս, հայկական կողմում այս պահին մոտ 180-200 բեռնատար է սպասում սահմանը հատելու հնարավորությանը, հայտնում է Արմենպրեսը:

Անդրադառնալով այն տեղեկություններին, որ Հայաստան-Իրան սահմանի անցակետը իրանական կողմից փակ է քաղաքացիների, սակայն բաց է բեռնատարների տեղաշարժի համար, ՊԵԿ-ից հայտնել են, որ իրանական կողմում ժամանակ առ ժամանակ կապի խափանումներ են լինում:

«Ըստ մեզ փոխանցված տեղեկատվության՝ իրանական կողմում պարբերաբար լինում են կապի խափանումներ, ինչի պատճառով էլ պարբերաբար կարող են առաջանալ հերթեր։ Սակայն, կապի բացակայության պարագայում աշխատում են նաև թղթային տարբերակով, որն ավելի ժամանակատար է։ Կուտակումներ չառաջացնելու համար քաղաքացիների համար կարող են լինել որոշակի սահմանափակումներ՝ բեռնատարների բնականոն տեղաշարժն ապահովելու համար․,-տեղեկացրել են ՊԵԿ-ից:

Անդրադառնալով Մերձավոր Արևելքում ստեղծված լարվածության ֆոնին Հայաստանի և Իրանի միջև բեռնափոխադրումների իրավիճակին՝ ՊԵԿ-ից հայտնել են, որ որոշակի փոփոխություններ նկատվել են։

«Ըստ մեզ հասած տեղեկատվության՝ Իրանում ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ բեռնափոխադրողները չեն ցանկանում ԻԻՀ տարածքն օգտագործել որպես տարանցիկ երկիր՝ նախընտրելով Չինաստանից և Մերձավոր Արևելքի մյուս երկրներից ներկրվող բեռների փոխադրումն իրականացնել Վրաստանի տարածքով։ Ուստի, ենթադրելի ու բնական է, որ բեռնափոխադրումների ծավալը Իրանի տարածքով պետք է նվազի։ Վերջին օրերին նկատվում է բեռնափոխադրման ծավալների որոշակի նվազում, որը շատ արտահայտիչ չէ»,-հայտնել են ՊԵԿ-ից:

Փետրվարի 28-ին Իսրայելն ու ԱՄՆ-ն օդային հարվածներ են հասցրել Իրանին, հարվածների հետևանքով սպանվել է Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին: Իրանը պատասխան կրակ է բացել Իսրայելի, ինչպես նաև Պարսից ծոցի երկրների ուղղությամբ, որտեղ տեղակայված են ԱՄՆ ռազմակայններ:

Leave a Comment