Իրանի զինված ուժերի ԳՇ-ն պաշտոնական հայտարարությամբ հերքել է տեղեկությունները, թե իրանական ուժերը անօդաչու թռչող սարքեր են արձակել Ադրբեջանի ուղղությամբ․ հաղորդում է իրանական «Tasnim» գործակալությունը։
Իրանի ռազմական գերատեսչությունն ընդգծել է, որ հանրապետությունը հարգում է բոլոր երկրների, հատկապես՝ հարևան մահմեդական պետությունների ինքնիշխանությունը։ Ըստ հայտարարության՝ նմանատիպ գործողությունները նպատակ ունեն խաթարել իսլամական երկրների հարաբերությունները, ինչը նախկինում ևս բազմիցս նկատվել է։
Գլխավոր շտաբը կատարվածի համար մեղադրել է Իսրայելին՝ նշելով, որ, անցկացված ստուգումների համաձայն, «սիոնիստական ռեժիմը» փորձում է նման սադրանքներով ստահոդ մեղադրանքներ ներկայացնել Իրանին և լարվածություն սերմանել տարածաշրջանում։
