«Խելոք մնա» «Լռե՛ք, ես եմ որոշողը․․․ ԱԺ նիստերի դահլիճն է, ձեր հայաթը չի», «Ձեր հայաթը չի», «Խելոք մնա». վեճ՝ ԱԺ-ում


Ազգային ժողովը մարտի 5-ին շարունակում է աշխատանքը:


«Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանի ելույթի ժամանակ իրավիճակը լարվել է, վիճաբանություն սկսվել:



Նա, դիմելով Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանին, հարց է ուղղել. «Սերգեյ Բագրատյանի կնոջ հանքից ի՞նչ կա։ ԱՆԻՖ-ի 25 միլիարդից ի՞նչ կա»։ 

Սերգեյ Բագրատյանը տեղից պատասխանել է Վարդանյանին, վերջինն էլ իր հերթին պատասխանել: Նիստը վարող ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանը կոչ է արել տեղից չարձագանքել։


Վարդանյանի կարճ ժամանակ խոսելուց հետո ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հիշեցրել է, որ ժամանակն ավարտվել է, ի պատասխան՝ Քրիստինե Վարդանյանը, ձեռքը պարզելով ԱԺ նախագահի կողմը, հայտարարել է, թե իրեն ընդհատել են, ու հետևաբար խոսքն ավարտում է:

 Սակայն, նիստը նախագահող Ալեն Սիմոնյանը դա թույլ չտվեց։ 

«Ես եմ որոշում, իմ հետ տենց խոսալ չի կարելի, տիկի՛ն Վարդանյան, ավարտվեց ձեր ելույթը, նստեք ձեր տեղը: Բանախոսը պիտի շուռ գա ԱԺ նախագահին ասի: Ես եմ այստեղ որոշողը»,- զայրացած ասաց Ալեն Սիմոնյանը:

Խորհրդարանի դահլիճից, սակայն մեկնաբանություններն ու քննարկումները շարունակվում էին: Տեղից միջամտում էր նաև «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Ղազարյանը:

Ի պատասխան նրա դիտարկումներին՝ Ալեն Սիմոնյանն ասաց. «Դու խելոք մնա»։ Ապա շարունակեց. «Կլռեք, երբ ասում եմ՝ լռեք, սա ԱԺ նիստերի դահլիճն է, ձեր հայաթը չի»:

Դիմելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանին՝ Ալեն Սիմոնյանը հայտարարեց. «Կարգի հրավիրեք ձեր խմբակցությանը, թե չէ ես կհրավիրեմ»:

Leave a Comment