Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Քաջարան-Ագարակ 32 կմ երկարությամբ ճանապարհահատվածի կառուցման համար, մի շարք տարածքներ ճանաչվել են հանրության գերակա շահ։ Համապատասխան որոշումն ընդունվել է Կառավարության մարտի 5-ի նիստում։
Ծրագրի շինարարական աշխատանքները մեկնարկել են 2024 թվականին և ներկայումս ընթացքի մեջ են: Շինարարության ընթացքում տեղանքի փաստացի պայմանների, գրունտների տեսակների, ոռոգման համակարգերի տեղափոխման անհրաժեշտությամբ պայմանավորված, կատարվել են նախագծային փոփոխություններ:
Արդյունքում, Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Տաշտուն, Լիճք և Մեղրի բնակավայրերում գտնվող 88 հողամասեր ներառվել են ճանապարհի օտարման գոտու համար նախատեսված հատվածներում: Նախագծի հիմնավորմամբ՝ առանց այդ տարածքերի հնարավոր չէ ապահովել շինարարական աշխատանքների իրականացումը:
Նախագծի ընդունման դեպքում հնարավոր կդառնա օրենքով սահմանված կարգով իրականացնել հողամասերի օտարման գործընթացը և տարածքները հանձնել շինարարին։
Նախագիծը լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չի առաջացնում: Ծախսերը կկատարվեն Հյուսիս-հարավ ծրագրի Սիսիան-Քաջարան հատվածի հողերի օտարման համար նախատեսված ֆինանսական միջոցներից։
