Հայաստանը և Ղազախստանի ռազմական հետախուզության համաձայնագրի կստորագրեն

Կառավարությունը մարտի 5-ի նիստում հավանություն է տվել Հայաստանի և Ղազախստանի միջև ռազմական հետախուզության ոլորտում համագործակցության մասին համաձայնագրի ստորագրմանը։

Պաշտպանության նախարարության նախագծի հիմնավորմամբ՝ համաձայնագիրը նախատեսում է ստեղծել իրավական հիմք երկու երկրների միջև ռազմական հետախուզության ոլորտում համագործակցության համար։ Այն ուղղված է ազգային անվտանգության հարցերով իրավիճակի վերլուծության, ռազմաքաղաքական իրադարձությունների վերաբերյալ տեղեկատվության փոխանակման և ահաբեկչական ու ծայրահեղական կազմակերպություններին հակազդման ոլորտում փոխգործակցության ընդլայնմանը։

Փաստաթուղթը նախատեսում է նաև լիազորված մարմինների ղեկավարների պաշտոնական այցեր և փորձագետների աշխատանքային հանդիպումներ, ինչպես նաև համատեղ միջոցառումներ ռազմական պատրաստության ուղղությամբ։ Միաժամանակ կողմերը պարտավորվում են չօգտագործել համագործակցության ընթացքում ստացված տեղեկատվությունը միմյանց վնասելու նպատակով և այն չփոխանցել երրորդ կողմի առանց գրավոր համաձայնության։

Համաձայնագրով սահմանվում է նաև, որ կողմերը չեն իրականացնի միմյանց դեմ ուղղված ռազմական հետախուզական գործունեություն, իսկ համագործակցության հետ կապված ծախսերը յուրաքանչյուր պետություն կկրի ինքնուրույն՝ իր ազգային օրենսդրությամբ նախատեսված միջոցների սահմաններում։ Պաշտպանության նախարարության գնահատմամբ՝ համաձայնագրի ստորագրումը կնպաստի երկու երկրների միջև ռազմական հետախուզության ոլորտում համագործակցության խորացմանը։

Leave a Comment