Երևանում գործարկվել է գերհամակարգիչ. ինչպե՞ս է այն օգնելու գիտությանը



ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Երևանի պետական ​​համալսարանում գործարկվել է գերհամակարգիչ։ Հավաքման և փորձարկման համար ծախսվել է գրեթե երկու տարի։ MIR 24-ի թղթակից Սոնա Գալդունցը ծանոթացել է այդ ապագայի մեքենային, գրում է news.rambler.ru–ն։

Վերջին սերնդի 64  գրաֆիկական պրոցեսորներ ներկայումս լուծում են արհեստական ​​բանականության, բժշկության, նյութագիտության և արբանյակային տեխնոլոգիաների խնդիրներ։ Մինչև վերջերս նման հաշվարկները կամ անհնար էին Հայաստանում, կամ պահանջում էին համագործակցություն արտասահմանյան կենտրոնների հետ։ Այժմ Երևանի պետական ​​համալսարանն ինքնուրույն է իրականացնում այդ բարդ հետազոտությունները։ Նոր գերհամակարգիչը չորս անգամ ավելի հզոր է, քան եղել է նախորդ համակարգը։ Այն հնարավորություն է տալիս բարդ հաշվարկներ կատարել և ստեղծել արհեստական ​​բանականության մոդելներ։

«Մենք արդեն ունենք երկու հետազոտական ​​խումբ։ Մեկը զբաղվում է նոր մոլեկուլների հայտնաբերմամբ՝ օգտագործելով մեծ լեզվական մոդելներ։ Մյուսը կենտրոնացած է անօդաչու թռչող սարքերի կառավարման վրա», – ասել Հրանտ Խաչատրյանը՝ ԵՊՀ մաթեմատիկական և կիրառական հետազոտությունների կենտրոնի մեքենայական ուսուցման լաբորատորիայի ղեկավարը։

Նախկինում Հայաստանն ուներ կենտրոնական պրոցեսորներով աշխատող «Ազնավուր» անունով գերհամակարգիչ։ Սակայն այդ համակարգի հնարավորությունները բավարար չէին։ Նոր մոդելն արդեն ապացուցել է իրեն։ Գիտնականները նախնական արդյունքների են հասել նեյրոնային ցանցերի մշակման գործում: Ապագայում նախատեսվում է գերհամակարգիչը կիրառել բոլոր գիտական ​​ոլորտներում։

«Քիմիայի և կենսաբանության ամբիոններն արդեն հետաքրքրություն են հայտնել գերհամակարգչի նկատմամբ: Մենք կօգտագործենք դրա նոր հնարավորությունները ոչ միայն ինտելեկտուալ մոդելներ մշակելու, այլ նաև իրական աշխարհի գիտական ​​խնդիրներ լուծելու համար», – նշել է Երևանի պետական ​​համալսարանի գիտաշխատող Մենուա Պետրոսյանը։

Հանրապետության համար նախատեսվում է տեղադրել ևս երկու առևտրային գերհամակարգիչ՝ Գագարին գյուղում և Հրազդան քաղաքում: Դրանց հզորության մոտ 20%-ը կօգտագործվի ներքին նախագծերի համար, իսկ մնացածը կօգտագործվի միջազգային նախագծերի համար։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am



Leave a Comment