«Նյուզ Էյէմ» ՍՊԸ-ն, որն իրականացնում է լրատվական գործունեություն, հայց է ներկայացրել արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և նախարարության դեմ՝ զրպարտություն և վիրավորանք համարվող տվյալները հերքելու և ներողություն խնդրելու պահանջով։
2026թ. փետրվարի 4-ին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի Արտաքին գործերի նախարարության էջում նկար և կից գրառում է հրապարակվել, որտեղ երևում է նախարար Արարատ Միրզոյանն ու մի շարք լրատվամիջոցների, այդ թվում՝ «News.am»-ի անվանումը՝ «FAKE NEWS» ջրանշմամբ։
Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը 2026թ. հունվարի 29-ին մամուլի ասուլիս էր հրավիրել, որի ժամանակ խոսել է նաև ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի՝ ԵԽԽՎ-ում ունեցած ելույթի վերաբերյալ։ Դրան հաջորդել է նախարարի արձագանքը, սակայն հետո նախարարությունը մոնիտորինգ է արել և պարզել, որ որոշ լրատվամիջոցներ պարզաբանումը չեն տարածել ու դրա վերաբերյալ գրառում կատարել՝ «FAKE NEWS» նկարով և գրառմամբ։
«Նյուզ Էյէմ»-ը հայցադիմումով պահանջում է, որ Արտաքին գործերի նախարարությունը և Արարատ Միրզոյանը նախարարության ֆեյսբուքյան էջով, բոլորին հասանելի եղանակով, հրապարակայնորեն հերքեն 2026թ. փետրվարի 4-ի հրապարակման մեջ տեղ գտած լրատվամիջոցի գործարար համբավն արատավորող և զրպարտություն հանդիսացող փաստացի տվյալները:
Մասնավորապես՝ լրատվամիջոցը արատավորող և զրպարտիչ է համարում «տարածել են բացառապես սուտ հայտարարությունը…, չունեն անաչառ լրատվությամբ զբաղվելու առաքելություն…, ըստ երևույթին դրա համար չեն ֆինանսավորվում…, ապատեղեկատվություն տարածող «ԶԼՄ» արտահայտություններն ու կից լուսանկարի «FAKE NEWS» մակագրությունը:
Լրատվամիջոցը պահանջում է նույն եղանակով, «Հերքում» խորագրի ներքո հրապարակել հերքման տեքստ։ Բացի այդ, պարտավորեցնել Արտաքին գործերի նախարարությանը և Արարատ Միրզոյանին վերջնական դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց հետո մեկշաբաթյա ժամկետում հրապարակայնորեն ներողություն խնդրել «Նյուզ Էյէմ» ՍՊԸ-ից նույն գրառման մեջ հնչեցված հետևյալ վիրավորական արտահայտությունների համար` կողմնակալ մնալու՝ իրենց համար արդեն առօրեական դարձած գայթակղությունից…, նրանցից անաչառություն ակնկալելը սին հույս կլիներ…, ստերի և դրանք տարածող «ԶԼՄ»-ների…:
Հայցադիմումը Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան ներկայացվել է երեկ՝ մարտի 4-ին, և վարույթ ընդունելու մասին որոշում դեռ չկա։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter