Սպիտակ տունը հայտարարում է, իսկ Իսպանիան՝ հերքում

Սպիտակ տունը հայտարարում է, իսկ Իսպանիան՝ հերքում

Սպիտակ տունը հայտարարել է, որ Իսպանիան համաձայնել է համագործակցել ԱՄՆ զինված ուժերի հետ Իրանի դեմ ընթացող պատերազմում։ Այս որոշումը կայացվել է այն բանից հետո, երբ Մադրիդը հրաժարվել էր թույլ տալ Վաշինգտոնին օգտագործել իր ռազմաբազաները ԱՄՆ-Իսրայել համատեղ գործողության շրջանակներում հարվածներ հասցնելու համար, իսկ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել էր Մադրիդին «պատասխան միջոցներով»։

Սպիտակ տան մամուլի քարտուղար Կերոլայն Լևիտը հայտարարել է. «Ինչքան ինձ հայտնի է՝ վերջին մի քանի ժամվա ընթացքում նրանք համաձայնել են համագործակցել ամերիկյան զինված ուժերի հետ»։

Նա չի մանրամասնել, թե ինչ ձևաչափով է լինելու այդ համագործակցությունը։ Ըստ Լևիտի՝ Իսպանիան «պարզ և հստակ» լսել է Թրամփի ուղերձը։ Նախագահը ակնկալում է բոլոր եվրոպական դաշնակիցներից համագործակցություն գործողության շրջանակներում։

Իսպանիայի ԱԳՆ-ն հաստատել է, որ թագավորության դիրքորոշումը չի փոխվել։

«Ես կատեգորիկ կերպով հերքում եմ որևէ փոփոխություն… Մեր դիրքորոշումը ռազմաբազաների օգտագործման, Մերձավոր Արևելքում ընթացող պատերազմի և Իրանի ռմբակոծումների վերաբերյալ ոչ մի դյուրացում չի ստացել»,- հայտարարել է Իսպանիայի արտգործնախարար Խոսե Մանուել Ալբարեսը։

Նախորդ օրը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել էր խզել առևտրային հարաբերությունները Իսպանիայի հետ, ինչպես նաև կոշտ քննադատել Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերին՝ Լոնդոնի կողմից Իրանի դեմ առաջին հարվածների ժամանակ բրիտանական ռազմաբազան ԱՄՆ-ին տրամադրելուց հրաժարվելու համար։

Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը մերժել է ԱՄՆ-ի սպառնալիքները և հայտարարել, որ իր երկիրը դեմ է պատերազմին և այն, ինչ նա անվանել է «միջազգային իրավունքի խախտում»։

Leave a Comment