ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակումների հետևանքով Իրանում զոհերի թիվը հասել է 1045-ի, հայտնում է Mehr լրատվական գործակալությունը։
Գործակալության տվյալներով՝ զոհվածների թվում են ինչպես զինվորականներ, այնպես էլ քաղաքացիական անձինք։ Ըստ տեղեկությունների՝ բոլոր զոհերին արդեն հուղարկավորել են։
CBS News-ը՝ հղում անելով Պենտագոնին, հաղորդել է, որ Քուվեյթում ամերիկացի զինվորներ են զոհվել Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի գործողությունների սկսվելուց ի վեր։ Կապիտան Քոդի Ա. Հորքը, 1-ին դասի սերժանտ Նոա Լ. Տիտյենսը, 1-ին դասի սերժանտ Նիկոլ Մ. Ամորը և սերժանտ Դեկլան Ջ. Քոուդին զոհվել են ամերիկյան բազայի վրա իրանական անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով։ Նույն հարձակման ժամանակ զոհված ևս երկու զինծառայողների անունները կհրապարակվեն ավելի ուշ՝ նրանց ընտանիքներին տեղեկացնելուց հետո։
Փետրվարի 28-ին ԱՄՆ-ն և Իսրայելը մի շարք հարվածներ էին հասցրել Իրանի տարբեր թիրախների, որոնց հետևանքով զոհվել են բազմաթիվ բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում՝ Գերագույն առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին։ Երկու օր անց նրա կինը՝ Մանսուրե Խոջաստ Բաղերզադեն, մահացել է ստացած վերքերից։ Թեհրանը պատասխանել էր տարածաշրջանում ԱՄՆ-ի և Իսրայելի մի քանի թիրախների վրա հարվածներով:
Նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել էր, որ Գերագույն առաջնորդին սպանելով՝ ԱՄՆ-ն և Իսրայելը «պատերազմ են հայտարարել աշխարհի մուսուլմաններին» և խոստացել պատասխան միջոցներ ձեռնարկել: Մարտի 2-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ նախնական գնահատականներով՝ հակամարտությունը, ենթադրաբար, կտևի չորսից հինգ շաբաթ, բայց չի բացառել դրա երկարաձգման հնարավորությունը:
