4 մարտի 2026 – 17:14 AMT
PanARMENIAN.Net – Պետական մարմինը մեկ անձից գնման ընթացակարգով 5 մլրդ դրամի դիզել է գնում մի կազմակերպությունից, որը գնումից մի քանի օր առաջ էր ստեղծվել, ասել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը Հակակոռուպցիոն կոմիտեի 2025 թ․ հաղորդման քննարկման ժամանակ:
Նա նշել է, որ դեռևս 2019-ին ուսումնասիրել է դիզվառելիքի պետական գնումների շուկան և արձանագրել է ուշագրավ դեպքը՝ հավելելով, որ շարքը շարունակելի է, հայտնում է Panorama.am-ը։
Պատգամավորը նշել է, որ հաճախ երթևեկում է Նորքի ճանապարհով և իր աչքի առաջ այդ ճանապարհահատվածը երեք տարվա ընթացքում երկու անգամ հիմնանորոգվել է։
Նա տեղեկացրել է, որ անձամբ զրուցել է շինարարների հետ, որոնք հայտնել են, որ ճանապարհը երկրորդ անգամ է վերանորոգվում, քանի որ առաջին վերանորոգման ժամանակ կոմունիկացիաները պատշաճ չեն անցկացվել։ Նրա գնահատմամբ՝ սա հանրային միջոցների անարդյունավետ ծախսման դասական օրինակ է։
Պատգամավորը նաև նշել է, որ գրպանահատության դեպքերի թվի աճի պայմաններում ոստիկանությունում փակվում է այդ ուղղությամբ գործող համապատասխան ստորաբաժանումը, իսկ տեսագրությամբ նույնականացված կասկածյալներին անգամ չի հաջողվում կալանավորել։
Բացի այդ, Ավետիսյանը նշել է, որ կոռուպցիոն դրսևորումներից մեկն էլ պետական համակարգում պարգևատրման անհամաչափությունն է, երբ բարձրաստիճան պաշտոնյաները համակարգային կերպով ստանում են իրենց աշխատավարձից բազմակի ավելի պարգևավճարներ, մինչդեռ պատասխանատու պաշտոնյաների մի մասը ստանում է շատ փոքր պարգևավճարներ կամ ընդհանրապես չի պարգևատրվում։