Իրանի փորձագետների խորհուրդը երկրի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի մահվանից հետո սկսել է նոր առաջնորդի ընտրությունը, հայտնել է ISNA գործակալությունը՝ հղում անելով փորձագետների խորհրդի անդամ Մահմուդ Ռաջաբին։
«Հեղափոխության առաջնորդի ընտրության գործընթացը սկսվել է, և վերջնական լուրը կհայտարարվի փորձագետների խորհրդի քարտուղարության միջոցով»,- նրա խոսքը մեջբերում Է գործակալությունը:
Փորձագետների խորհուրդը խորհրդատվական մարմին է, որը պատասխանատու Է Իրանի գերագույն առաջնորդի ընտրության համար: Բաղկացած է 88 աստվածաբան-իրավագետներից, որոնք ընտրվում են ութ տարի ժամկետով։
Իրանի Իսլամական Հանրապետության Սահմանադրության 111-րդ հոդվածը սահմանում է, որ «գերագույն առաջնորդի մահվան, պաշտոնաթողության կամ պաշտոնից հեռացման դեպքում փորձագետները պարտավոր են հնարավորինս արագ նշանակել և ներկայացնել նոր առաջնորդ»:
Ավելի վաղ The New York Times-ը և The Guardian-ը գրել էին, որ Իրանում քննարկում են Խամենեիի որդու՝ Մոջթաբա Խամենեիի թեկնածությունը որպես գերագույն առաջնորդի հնարավոր իրավահաջորդ։ The New York Times-ի աղբյուրները նշել էին, որ Իրանի փորձագետների խորհուրդը (Assembly of Experts) կարող էր հայտարարել այդ որոշման մասին այսօր առավոտյան, սակայն որոշ անդամներ մտավախություն են հայտնել, որ դա կարող է նրան դարձնել ԱՄՆ-ի և Իսրայելի հնարավոր հարվածների թիրախ։
Փետրվարի 28-ի առավոտյան Իսրայելը հայտարարել էր Իրանի դեմ «լայնածավալ մարտական գործողություններ» սկսելու մասին: Ավելի ուշ ԱՄՆ-ն միացել էր գործողությանը: Ի պատասխան՝ Իրանը հայտարարել էր Իսրայելի և տարածաշրջանում ամերիկյան թիրախների դեմ հրթիռային գործողության մեկնարկի մասին: Մարտի 1-ին Իրանը հաստատել էր Խամենեիի մահը՝ ավիահարվածներից։
