Սպառողները հնարավորություն կունենան հեռահաղորդակցության ծառայությունների վճարումները կատարել «Թել-Սել»-ի, «Իզի Փեյ»-ի, «Իդրամ»-ի, «Ֆասթ Շիֆթ»-ի միջոցով, հայտնել են ՄՍՇՊՀ-ից։
Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովը մինչև հարուցված վարույթի առնչությամբ վերջնական որոշման կայացումը միջանկյալ միջոց է կիրառել «Յուքոմ» ՓԲ, «Վիվա Արմենիա» ՓԲ և «Տելեկոմ Արմենիա» ԲԲ ընկերությունների նկատմամբ։
Հանձնարարվել է անհապաղ ապահովել բջջային կապի, ինտերնետային և հեռահաղորդակցության այլ ծառայությունների դիմաց սպառողների վճարում կատարելու հնարավորությունը «Թել-Սել», «Իզի Փեյ», «Իդրամ», «Ֆասթ Շիֆթ» ընկերությունների ավտոմատ ինքնասպասարկման տերմինալների, մասնաճյուղերի, էլեկտրոնային դրամապանակների և հավելվածների միջոցով՝ շարունակելով կիրառել ֆիքսված չափի միջնորդավճարներ։
Փետրվարի 1-ից վճարային համակարգերի տերմինալների և բջջային հավելվածների միջոցով այլևս հնարավոր չէր վճարել «Վիվա Արմենիա», UCOM և Team Telecom Armenia ընկերությունների ծառայությունների համար։ Հայտարարության մեջ նշվում է, որ հեռահաղորդակցության ընկերությունների առաջարկած նոր պայմանները ենթադրում էին միջնորդավճարի նվազեցում՝ մինչև 40-50 տոկոս, ինչը չի ծածկում ոլորտային ծախսերը։
