4 մարտի 2026 – 15:18 AMT
PanARMENIAN.Net – Հայաստանի և Եվրամիության հարաբերությունների համատեքստում Վրաստանը շատ կարևոր գործընկեր է, ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ համատեղ հայտարարության ժամանակ՝ ներկայացնելով, թե ինչ զարգացումներ են տեղի ունեցել Հայաստանի միջազգային և տարածաշրջանային օրակարգի հարցերում։
«Հայաստանի և Եվրամիության հարաբերությունների համատեքստում Վրաստանը շատ կարևոր գործընկեր է, և այս թեմայով էլ մենք որոշակի քննարկումներ ունեցանք: Հույս ունեմ, որ մենք այստեղ էլ կկարողանանք համագործակցել, այստեղ էլ կկարողանանք որոշակի արդյունքներ արձանագրել»,- ասել է նա, հայտնում է 1lurer.am-ը:
Փաշինյանը նշել է, որ գործընկերներին մանրամասն տեղեկացրել է ընթացիկ գործընթացների մասին՝ անդրադառնալով TRIPP ներդրումային նախագծին, Հայաստան–Ադրբեջան խաղաղության գործընթացին, ինչպես նաև Հայաստան–Թուրքիա հարաբերություններին։ Վարչապետը նաև որոշ տեղեկություններ է փոխանցել Հայաստան–Ռուսաստան հարաբերությունների վերաբերյալ:
Քաղաքական երկխոսության մասին խոսելիս վարչապետը նշել է, որ այն պահպանվել է ակտիվ մակարդակում։
«Մենք խնդիր ունենք տեսնելու, թե որտեղ կարող ենք համագործակցել՝ մարտահրավերներն առավել արդյունավետ կառավարելու և հնարավորություններն առավել արդյունավետ օգտագործելու համար»,-ասել է նա:
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն անդրադարձել է տարածաշրջանային իրավիճակին և երկու երկրների համագործակցությանը, հայտնում է Aysor.am-ը:
Նա նշել է, որ ուրախությամբ է արձանագրել ՀՀ և Ադրբեջանի միջև պատմական համաձայնագրի ստորագրումը՝ ընդգծելով, որ այդ զարգացումները դրական հիմք են ստեղծել տարածաշրջանում կայունության և խաղաղության ամրապնդման համար։
«Այս համատեքստում ցանկանում եմ կրկին ընդգծել, որ մենք պատրաստակամ ենք շարունակել աջակցել խաղաղաշինությանը և կայունությանը տարածաշրջանում։ Վրաստանն այս առումով որևէ ջանք չի խնայի»,- ասել է Կոբախիձեն։
Վրաստանի կառավարության ղեկավարը նաև ընդգծել է, որ երկու երկրների միջև համագործակցության հետագա խորացումը կարևոր նշանակություն ունի։
«Տեսնում ենք՝ մեր շուրջը բարդ իրավիճակ է, և հատկապես այս ամենի ֆոնին կարևոր է էլ ավելի խորացնել մեր համագործակցությունը։ Մենք կապված ենք երկրների և ժողովուրդների միջև պատմական բարեկամական կապերով, և սա հիմք է ծառայում Հայաստանի և Վրաստանի միջև ռազմավարական գործընկերության համար»,- ասել է նա։
Կոբախիձեն նաև երախտագիտություն է հայտնել Հայաստանին՝ Վրաստանի ազգային շահերին աջակցություն ցուցաբերելու և դրանք հարգելու համար։
«Հատկապես երախտագիտություն եմ հայտնում մեր տարածքային ամբողջականության և ինքնիշխանությանն աջակցելու համար»,-ասել է նա։
Աշխատանքային այցով Վրաստանում գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն առանձնազրույցի ժամանակ քննարկել են երկու երկրների ռազմավարական հարաբերությունների օրակարգին վերաբերող հարցերի լայն շրջանակ։ Կարևորվել է առևտրատնտեսական համագործակցության շարունակական զարգացումն ու դրա ընդլայնումը։
Այդ համատեքստում ընդգծվել է նաև ՀՀ և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 15-րդ նիստի անցկացումը, որը նախատեսված է մարտի 4-ին։ Կողմերը համոզմունք են հայտնել, որ այն նոր խթան կհաղորդի տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցության ամրապնդմանը։