Պողոսյան. Տուբերկուլոզի կաբինետների բուժաշխատողների աշխատավարձը կրճատվել է մոտ 50 %-ով

Պողոսյան. Տուբերկուլոզի կաբինետների բուժաշխատողների աշխատավարձը կրճատվել է մոտ 50 %-ով

4 մարտի 2026 – 15:53 AMT

PanARMENIAN.Net – Առաջնային առողջապահական օղակում գործող տուբերկուլոզի կաբինետների բուժաշխատողների աշխատավարձը կրճատվել է մոտ 50 %-ով, ֆեյսբուքյան իր էջում հայտնել է «Առողջության իրավունք» իրավապաշտպան ՀԿ նախագահ, առողջապահության փորձագետ Անուշ Պողոսյանը:

Նրա խոսքով՝ տուբերկուլոզը համարվում է շրջապատի համար վտանգ ներկայացնող հիվանդություն, ինչը հաստատված է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից։

«Միևնույն ժամանակ ԱԱՊ համակարգում գործող տուբերկուլոզի կաբինետների բուժաշխատողները կատարում են բարձր ռիսկային և հանրային կարևորություն ունեցող աշխատանք՝ իրականացնելով ոչ միայն բուժում, այլ նաև կանխարգելում՝ հաճախ վտանգելով սեփական առողջությունն ու կյանքը»,-ասվում է գրառման մեջ:

Պողոսյանը նշել է, որ տուբերկուլոզի կաբինետները առաջնային առողջապահական օղակում ապահովում են հիվանդության վաղ հայտնաբերում, կոնտակտավորների հսկողություն, ամբուլատոր բուժման կազմակերպում, բուժման շարունակական վերահսկում և հանրային առողջապահական հաշվառում։

Նրա ներկայացմամբ՝ այդ կաբինետներում սպասարկվում են ակտիվ փուլում գտնվող կամ բուժում ստացող տուբերկուլոզով հիվանդներ, հիվանդների կոնտակտավորներ, ինչպես նաև ռիսկային խմբեր՝ ՄԻԱՎ ունեցողներ, քրոնիկ հիվանդներ, սոցիալապես խոցելի անձինք և հիվանդության կասկածով ուղեգրված քաղաքացիներ։

Փորձագետը նշել է, որ նման պայմաններում բուժաշխատողների աշխատավարձի մոտ 50 տոկոսով կրճատումը լուրջ խնդիր է առաջացնում։ Նա ընդգծել է, որ եթե հիվանդությունը պետության կողմից ճանաչված է որպես շրջապատի համար վտանգ ներկայացնող, ապա պետությունը պարտավոր է ապահովել անվճար հետազոտություն, բուժում և դեղորայք, ինչպես նաև բուժման շարունակական վերահսկողություն համապատասխան մասնագետների կողմից։

«Իսկ սա նշանակում է մեկ բան․ այդ ծառայության ֆինանսավորումն ու բուժաշխատողների վարձատրությունը պետք է իրականացվի բացառապես PER CAPITA սկզբունքով, ոչ թե «ապահովագրական խորհրդատվությունների», հաշվետվական մանիպուլյացիաների կամ թվային իմիտացիաների միջոցով։ Հ․ Գ․ Ինչպես կասեր դասականը՝ ուշքի եկեք…»,-գրել է նա:

Leave a Comment