Նախագիծն ընդունվել է․ Լավագույն բուհերն ավարտածները կազատվեն զինծառայությունից, եթե 3 տարի աշխատեն ՀՀ-ում

Նախագիծն ընդունվել է․ Լավագույն բուհերն ավարտածները կազատվեն զինծառայությունից, եթե 3 տարի աշխատեն ՀՀ-ում

4 մարտի 2026 – 12:52 AMT

PanARMENIAN.Net – Լավագույն բուհերն ավարտածները կազատվեն զինծառայությունից, եթե 3 տարի աշխատեն ՀՀ-ում: ՀՀ Ազգային ժողովը 68 կողմ, 0 դեմ և 17 ձեռնպահ ձայներով երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը, հայտնում է Sputnik Արմենիան:

Նոր կարգավորմամբ՝ Շանհայի վարկանիշավորման ցանկի առաջին հինգ տասնյակի համալսարաններում ուսանելու նպատակով տարկետում ստացած քաղաքացիները, եթե ուսումն ավարտելուց հետո վերադառնան Հայաստան և առնվազն երեք տարի աշխատեն ՀՀ կառավարության կողմից սահմանված ոլորտում, կարող են ազատվել պարտադիր զինծառայությունից։

ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը նշել է, որ արդեն ուսումն ավարտած 57 երիտասարդի շրջանում իրականացված ուսումնասիրությունը ցույց է տվել հետևյալ պատկերը․ նրանցից միայն մեկը վերադարձից հետո ծառայել է բանակում, չորսը զբաղվել է գիտահետազոտական գործունեությամբ, 12-ը գտնվում է հետախուզման մեջ, իսկ 40 քաղաքացի տարբեր այլ հիմքերով չի ծառայել զինված ուժերում։

Մեկ այլ նախագծով՝ կառավարությունը որոշել է աջակցել աշխարհի լավագույն 50 համալսարաններ ընդունված ուսանողներին՝ ուսման վարձի փոխհատուցման ձևաչափով։ Քննարկվում է մինչև 10 մլն դրամի չափով աջակցություն տրամադրելու հարցը:

Leave a Comment