Ներկայացնում ենք 3 լավագույն բաղադրատոմսեր, որոնք կօգնեն ստեղծել իսկական գաստրոնոմիական տոն՝ առանց խոհանոցում երկար ժամեր անցկացնելու. ՖՈՏՈ
ԵՐԵՎԱՆ, 4 մարտի․/Նովոստի-Արմենիա/․ Տոնական ճաշացանկ կազմելը միշտ էլ պատասխանատու գործ է, հատկապես, երբ խոսքը Մարտի 8-ի մասին է։ Ինչպե՞ս ընտրել ուտեստներ, որոնք և՛ նրբագեղ են, և՛ ժամանակատար չեն պատրաստման համար։ Ներկայացնում ենք լավագույն 3 բաղադրատոմսեր, որոնք կօգնեն ստեղծել իսկական գաստրոնոմիական տոն՝ առանց խոհանոցում երկար ժամեր անցկացնելու և թույլ կտան, պարզապես, տոնը վայելել։
Խոզի միսը՝ չրերով

Բաղադրիչներ
Խոզի թիակ- 1կգ
Կիտրոն 1 հատ
Խառը չորամրգեր ծիրան, սալոր, խնձոր, բալ -300գ
Խնձորի հյութ-100 մլ
Բուսայուղ- 5 ճաշի գդալ
Օսլա- 1 թեյի գդալ
Ծիտրոն- 3 ճյուղ
Սև պղպեղ-5-6 հատիկ
Աղ, թարմ աղացած սև պղպեղ
Պատրաստման եղանակը
Խնձորի հյութը եռացնել։ Չորամրգերը լվանալ, դրանց վրա տաք ջուր լցնել և թողնել 30 րոպե։Ծիտրոնը լվանալ, թերթիկների բաժանել։
Կիտրոնի կեղևը քերիչով անցկացնել։ Հյութը քամել և լցնել մեծ թասի մեջ, ավելացնել քերած կեղևը, բուսայուղը, ծիտրոնը, աղը, սև հատիկավոր և աղացած պղպեղները։ Խառնել թրջած չորամրգերի և խնձորի հյութի հետ։
Միսը լվանալ, դնել մարինադով թասի մեջ, ծածկել և 5-6 ժամ կամ գիշերը թողնել սառնարանում։ Այդ ընթացքում պետք է մի քանի անգամ շրջել։
Ջեռոցի ջերմաստիճանը դնել 200 աստիճանի վրա։ Չորամրգերով միսը տեղադրել յուղով պատած կաղապարի մեջ։ Կիպ ծածկել փայլաթիթեղով և 1 ժամ եփել։
Խոզի միսը ջեռոցից հանել։ Չորամրգերի մի փոքր մասը պահել զարդարելու համար, իսկ մնացածը մսի հյութի հետ լցնել խոր ամանի մեջ, հասցնել եռման աստիճանի։ Քիչ քանակությամբ սառը ջրում օսլան լուծել, այս լուծույթը լցնել թասի պարունակության վրա և 2-3 րոպե խառնելով եփել։
Սոուսը կոտորակիչով հարել մինչ միատարր զանգված ստացվի։ Անհրաժեշտության դեպքում համեմել աղ ու պղպեղով։ Միսը շերտերով կտրատել, զարդարել չորամրգերով և մատուցել սոուսի հետ։
Էներգետիկ գնդիկներ

Բաղադրիչներ
Ծիրանի չիր-150գ
Սև սալորի չիր-150գ
Ընկույզ-150գ
Խտացրած կաթ-4 ճաշի գդալ
Կարագ-1 ճաշի գդալ
Կոկոսի փաթիլներ
Պիստակի փաթիլներ
Պատրաստման եղանակը
Ծիրանի, սև սալորի չրերը և ընկույզը մանր կտրատել, միացնել իրար։ Խտացրած կաթը և կարագը խառնել, ավելացնել չրերին և ընկույզին ու ստացված զանգվածից գնդիկներ պատրաստել։ Պատրաստի գնդիկները թաթախել կոկոսի փաթիլների, մյուսները՝ պիստակի փաթիլների մեջ։
Սրճային-շոկոլադային կոկտեյլ՝ հիլով

Բաղադրիչներ
Բանան-1 հատ
Կաթ-0,5 բաժակ
Թունդ սուրճ-1\3 բաժակ
Դառը շոկոլադ-50 գրամ
Շաքարավազ-1թեյի գդալ
Հիլ -3 հատիկ
Մշկընկույզ – 1 պտղունց
Պատրաստման եղանակը
Կաթը լցնել կաթսայի մեջ, հասցնել եռման աստիճանի, ավելացնել տաք, թունդ սուրճն ու շաքարավազը։ Բանանը կեղևազատել, խոշոր կտրտել և գցել կաթով սուրճի մեջ։ Շոկոլադը խոշոր քերիչով անցկացնել և ավելացնել կաթսայի պարունակությանը։ Ավելացնել քերած մշկընկույզը և հիլը։ Խառնուրդը կոտորակիչով հարել մինչև միատարր զանգված ստացվի։
Կոկտեյլը լցնել գավաթի մեջ և մատուցել։