4 մարտի 2026 – 12:05 AMT
PanARMENIAN.Net – Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն մարտի 2-ին ցավակցական հեռագիր է հղել Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանին՝ Գերագույն առաջնորդի, բարձրաստիճան պաշտոնյաների և քաղաքացիների շրջանում զոհերի կապակցությամբ, հայտնում է Երևանում Իրանի դեսպանատունը։
«Խոր մտահոգությամբ ենք հետևում մարդկային կյանքեր խլող և տարածաշրջանի անվտանգությունը խաթարող ռազմական գործողություններին, որոնց հետևանքով զոհվեցին Իրանի Իսլամական Հանրապետության Գերագույն առաջնորդ Այաթոլլա Սեյեդ Ալի Հոսեյնի Խամենեին, իշխանության բարձրաստիճան ներկայացուցիչներ և անմեղ քաղաքացիներ:
«Մեր վշտակցությունն ենք հղում Ձերդ գերազանցությանը և մեր աղոթական զորակցությունը բերում զոհվածների ընտանիքներին մաղթելով Իրանի բարեկամ ժողովրդին խաղաղ և ապահով կյանք», ասված է հեռագրում:
Փետրվարի 28-ին Իսրայելն ու ԱՄՆ-ն օդային հարվածներ են հասցրել Իրանին, հարվածների հետևանքով սպանվել է Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին: Իրանը պատասխան կրակ է բացել Իսրայելի, ինչպես նաև Պարսից ծոցի երկրների ուղղությամբ, որտեղ տեղակայված են ԱՄՆ ռազմակայններ: