4 մարտի 2026 – 11:21 AMT
PanARMENIAN.Net – ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցում Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ հանդիպումից հետո, հայտարարել է, որ ԱՄՆ-ի և Իսրայելի գործողության արդյունքում Իրանին լուրջ վնաս է հասցվել։ Նա նաև ասել է, որ հենց ինքն է դրդել Իսրայելին հարվածներ հասցնել Իրանին, այլ ոչ թե հակառակը։
«Ոչ, հավանաբար, հենց ես եմ դրդել Իսրայելին։ Մենք բանակցություններ էինք վարում այդ խելագարների հետ, և ինձ մոտ տպավորություն էր ստեղծվել, որ նրանք առաջինը կհարձակվեն մեզ վրա։ Ես չէի ցանկանում, որ դա տեղի ունենա։ Այդ պատճառով, եթե ինչ-որ մեկը ինչ-որ մեկին ինչ-որ բանի է դրդել, ապա դա ես էի»,-ասել է նա՝ պատասխանելով լրագրողի հարցին, հայտնում է BBC-ն:
Խոսելով Իրանում իրականացվող գործողության միջանկյալ արդյունքների մասին՝ նա ասել է․ «Գործնականում ամեն ինչ ոչնչացվել է»:
Թրամփին նաև հարցրել են, թե որ սցենարն է նա համարում ամենավատն այն տարբերակներից, որոնք դիտարկվել են ամերիկյան վարչակազմի կողմից։
«Կարծում եմ՝ ամենավատ տարբերակը կլինի այն, եթե մենք դա անենք, իսկ հետո իշխանության գա մեկը, ով նույնքան վատը կլինի, որքան նախորդը, չէ՞», -ասել է նա՝ նկատի ունենալով այաթոլլա Ալի Խամենեիին, որը սպանվել է հակամարտության առաջին օրը իրականացված ավիահարվածի արդյունքում։
Թրամփը նշել է, որ այն մարդկանց մեծ մասը, որոնք կարող էին փոխարինել սպանված Իրանի գերագույն առաջնորդին, արդեն մահացած են։
«Շատ շուտով մենք ընդհանրապես ոչ մեկին չենք ճանաչելու», — հավելել է նա։
Լրագրողների հետ զրույցի ընթացքում Թրամփը նաև կոշտ քննադատություն է հնչեցրել Մեծ Բրիտանիայի վարչապետ Կիր Սթարմերի հասցեին։ Պատճառը եղել է Լոնդոնի որոշումը՝ թույլ չտալ ԱՄՆ-ին օգտագործել Դիեգո-Գարսիա կղզում գտնվող բրիտանական ռազմաբազան Հնդկական օվկիանոսում Իրանի դեմ առաջին հարվածների ժամանակ։
«Եվ մեզ երեք-չորս օր պահանջվեց հասկանալու համար, թե որտեղ կարող ենք վայրէջք կատարել։ Շատ ավելի հարմար կլիներ այնտեղ վայրէջք կատարել, քան թե ժամեր թռչել: Այդ պատճառով մենք շատ զարմացած ենք։ Սա ձեզ Ուինսթոն Չերչիլը չէ», — ասել է նա՝ մեկնաբանելով Սթարմերի գործողությունները։
Խոսելով Չագոսի արշիպելագի մասին՝ Թրամփը դրանք անվանել է «հիմար կղզիներ… որոնք նրանք [Մեծ Բրիտանիան] տվել են»։
«Մեծ Բրիտանիան հարյուր տարվա վարձակալության պայմանագիր է կնքել՝ իբր որոշ բնիկ բնակիչների պահանջների պատճառով, որոնք այդ կղզիները նույնիսկ երբեք չեն տեսել։ Սա ընդհանրապես ի՞նչ տրամաբանություն է։ Դրանով նրանք փչացրել են հարաբերությունները, ցավալի է», -շարունակել է նա։
Միևնույն ժամանակ Թրամփը նշել է, որ սիրում է Մեծ Բրիտանիան, սակայն քննադատել է երկրի էներգետիկ և ներգաղթի քաղաքականությունը՝ այն անվանելով «սարսափելի»։
Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի վարչապետը բացատրել է, որ ԱՄՆ-ին Դիեգո-Գարսիա ռազմաբազան և RAF Fairford բազան Գլոստերշիրում օգտագործելու թույլտվություն չտալու որոշումը պայմանավորված է եղել պատմական փորձով։
«Մենք բոլորս հիշում ենք Իրաքի սխալները: Նախագահ Թրամփը հայտնել է իր անհամաձայնությունը մեր որոշման հետ՝ չմասնակցել առաջին հարվածներին, սակայն իմ պարտականությունն է գնահատել, թե ինչն է համապատասխանում Մեծ Բրիտանիայի ազգային շահերին»,-ասել է նա:
Ավելի ուշ ՄԹ վարչապետը հայտարարել է, որ Իրանի «վրդովեցուցիչ» պատասխանը դարձել է «սպառնալիք մեր ժողովրդին, մեր շահերին և մեր դաշնակիցներին»։ Նրա խոսքով՝ այդ գործողությունները վտանգ են ներկայացնում Մերձավոր Արևելքում գտնվող բրիտանացի քաղաքացիների համար, ինչի պատճառով որոշվել է թույլ տալ բազաների օգտագործումը Թեհրանի հրթիռային ենթակառուցվածքի դեմ հարվածներ հասցնելու համար։
Դաունինգ սթրիթում պաշտոնական մեկնաբանություն չի հնչել Թրամփի հայտարարությունների վերաբերյալ։ Սակայն, ինչպես փոխանցել է «քաղաքական խմբագիր Քրիս Մեյսոնը, աղբյուրները կրկնել են վարչապետի փաստարկները՝ ազգային շահերի և երկրում հասարակական կարծիքի կարևորության մասին։
Խոսելով Իսպանիայի մասին, որը նույնպես հրաժարվել է թույլ տալ ԱՄՆ-ին օգտագործել իր ռազմաբազաները գործողության ընթացքում, Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը «կդադարեցնի ամբողջ առևտուրը» այդ երկրի հետ և արդեն հանձնարարել է ֆինանսների նախարար Սքոթ Բեսենտին «դադարեցնել բոլոր գործարքները»։
«Մենք կարող ենք օգտագործել այդ բազան, եթե ցանկանանք։ Մենք կարող ենք պարզապես թռչել և օգտագործել այն։ Ոչ ոք չի ասի մեզ, որ չպետք է օգտագործենք այն, բայց մենք պարտավոր չենք դա անել։ Բայց նրանք անբարյացակամ էին։ […] Նրանց ժողովուրդը հրաշալի է, բայց ղեկավարությունը՝ ոչ։ Եվ, ինչպես գիտեք, նրանք ՆԱՏՕ-ում միակ երկիրն էին, որը չհամաձայնեց բարձրացնել [պաշտպանական ծախսերի] բաժինը մինչև 5%։ Չեմ կարծում, որ նրանք ցանկանում են ինչ-որ բանի համաձայնել։ Նրանք ուզում էին թողնել 2%, բայց նույնիսկ այդ 2%-ը չեն վճարում։ Այդ պատճառով մենք պատրաստվում ենք դադարեցնել ամբողջ առևտուրn Իսպանիայի հետ։ Մենք չենք ուզում որևէ կապ ունենալ Իսպանիայի հետ»։
Թրամփը նաև հասկացնել է տվել, որ այլևս հնարավոր չի համարում բանակցություններ վարել Իրանում իշխող ռեժիմի հետ, գրում է Deutsche Welle-ն:
«Նրանց մոտ այլևս չկա հակաօդային պաշտպանություն, ռազմաօդային ուժեր, ռազմածովային ուժեր և ղեկավարություն։ Նրանք ցանկանում են բանակցություններ։ Ես ասել եմ. «Արդեն շատ ուշ է», — գրել է Սպիտակ տան ղեկավարը Truth Social սոցիալական ցանցում։
Մարտի 1-ին Թրամփը հայտարարել էր, որ Իրանի նոր ղեկավարությունը՝ երկրի հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի մահից հետո, իրեն առաջարկել է բանակցություններ սկսել, և նա համաձայնել է այդ առաջարկին։
«Նրանք պետք է դա ավելի վաղ անեին։ Նրանք չափազանց երկար սպասեցին», — ասել է ԱՄՆ նախագահը The Atlantic պարբերականին տված հարցազրույցում։
Սակայն մարտի 2-ին Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին X սոցիալական ցանցում գրել է. «Մենք չենք բանակցի Միացյալ Նահանգների հետ»։
ԱՄՆ Պետական դեպարտամենտը մարտի 3-ին հայտարարել է, որ Բահրեյնում, Հորդանանում, Իրաքում, Քաթարում, Քուվեյթում և Արաբական Միացյալ Էմիրություններում գտնվող իր դիվանագիտական ներկայացուցչություններից տարհանելու է բոլոր այն աշխատակիցներին, որոնք ներգրավված չեն արտակարգ իրավիճակների աշխատանքներում, ինչպես նաև նրանց ընտանիքների անդամներին։
Իրաքի դեպքում Պետդեպարտամենտը դա բացատրել է «անվտանգության նկատառումներով»։ Մերձավոր Արևելքի մյուս հինգ երկրներում, Վաշինգտոնի տվյալներով, պահպանվում է «Իրանի կողմից անօդաչու սարքերի և հրթիռների հարվածների մշտական սպառնալիք»։
Մարտի 2-ին և 3-ին անօդաչու սարքերը հարձակվել են Սաուդյան Արաբիայում և Քուվեյթում գտնվող ԱՄՆ դեսպանությունների վրա, ինչից հետո վերջին դիվանագիտական ներկայացուցչությունը փակվել է «մինչև հետագա ծանուցումը», նշում է AFP գործակալությունը։
Իսրայելի և ԱՄՆ-ի պատերազմը Իրանի դեմ, ի թիվս այլ հետևանքների, հանգեցրել է նավթի և գազի գների աճի, ինչպես նաև ավիահաղորդակցության կոլապսի Մերձավոր Արևելքում, որտեղ տասնյակ հազարավոր զբոսաշրջիկներ մնացել են փակված։
Փորձագետների ժողոն Իրանի նոր գերագույն առաջնորդ է ընտրել Ալի Խամենեիի որդուն՝ Մոջթաբա Խամենեիին, հաղորդել է Iran International-ը։
Դա այն մարմինն է, որը սահմանադրության համաձայն պատասխանատու է երկրի գերագույն առաջնորդի ընտրության համար։
Ընդդիմադիր լրատվամիջոցների լրագրողների տվյալներով՝ ժողովի անդամների վրա զգալի ճնշում է գործադրել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը։ Այդ ուժային կառույցը պնդել է հնարավորինս արագ որոշել իրավահաջորդին՝ Խամենեիի մահից հետո քաղաքական անկայունությունից խուսափելու համար։
Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարել է, որ Իրանի իշխանությունների կողմից Գերագույն առաջնորդ Ալի Խամենեիին փոխարինելու համար նշանակվող ցանկացած առաջնորդ «անվիճելի թիրախ» կդառնա, հայտնում է «Ազատությունը»։
Նրա խոսքով՝ ով էլ շարունակի Իրանի քաղաքականությունը, որը, ըստ Կացի, ուղղված է Իսրայելի և ԱՄՆ-ի դեմ, կհամարվի թիրախ։
«Կարևոր չէ՝ ով է կամ որտեղ է թաքնվում»,- X-ում գրել է նախարարը։
Կացը նաև հավելել է, որ Իսրայելն ԱՄՆ-ի հետ միասին շարունակելու է գործողությունները՝ թուլացնելու Իրանի իշխանությունների հնարավորությունները և պայմաններ ստեղծելու, որպեսզի Իրանի ժողովուրդը կարողանա փոխել իշխանությունը։
Գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի երկրորդ որդին՝ Մոջթաբան, ծնվել է 1969 թվականին Մեշհեդ քաղաքում։ Նա աստվածաբանություն է ուսումնասիրել իր հոր և այլ ազդեցիկ ուսուցիչների ղեկավարությամբ, ինչից հետո դարձել է հոգևորական։ Ավելի ուշ նա աստվածաբանություն է դասավանդել Քոմ քաղաքի կրոնական սեմինարիայում։
Hindusian Times-ի տվյալներով՝ նա իր կնոջ՝ Զահրա Հադդադ-Ադելի հետ ունի երեք երեխա։
Իսրայելը և Միացյալ Նահանգները փետրվարի 28-ի առավոտյան սկսել են հարվածներ հասցնել Իրանի տարածքին։ Թրամփը հայտարարել է, որ գործողության նպատակը Իրանի միջուկային ծրագրի ոչնչացումն է։ Նա նաև կոչ է արել իրանական բանակին վայր դնել զենքը, իսկ երկրի բնակիչներին՝ «իրենց ճակատագիրը վերցնել իրենց ձեռքը»։
Իրանական պետական լրատվամիջոցները մարտի 3-ին հայտնել են, որ հարվածների հետևանքով զոհվել է առնվազն 787 մարդ։ Հաստատվել է Խամենեիի և մի շարք բարձրաստիճան ուժայինների մահը։ Պատասխան հարվածներով Իրանը հարվածներ է հասցրել Իսրայելին և Պարսից ծոցի մի շարք երկրներին, որտեղ նույնպես կան զոհեր։ Թեհրանում պնդում են, որ չեն պատերազմում արաբական երկրների դեմ, այլ հարվածում են տարածաշրջանում գտնվող ԱՄՆ ռազմական բազաներին։