Ամերիկյան և էկվադորյան զինված ուժերը ռազմական գործողություն են սկսել Էկվադորի տարածքում գործող նարկոտեռորիստական կազմակերպությունների դեմ, հաղորդել է Պենտագոնի մամուլի ծառայությունը: Այս մասին գրում է РБК-ն:
«Միասին մենք վճռական քայլեր ենք ձեռնարկում հակազդելու նարկոտեռորիստներին, որոնք երկար ժամանակ ահաբեկում, բռնություն ու կոռուպցիա են սերմանում ամբողջ կիսագնդի քաղաքացիների շրջանում», – ասված է հաղորդագրությունում։ Այլ մանրամասներ հրամանատարությունը չի հայտնել։
Սա առաջին դեպքն է, երբ ամերիկյան զինվորականները ցամաքային գործողություն են իրականացրել հարավամերիկյան նարկոկարտելների դեմ։ Մինչ այժմ ԱՄՆ զինված ուժերը ավիահարվածներ էին հասցնում միայն Խաղաղ օվկիանոսի արևելյան հատվածում և Կարիբյան ավազանում գտնվող մաքսանենգ նավակներին։
2025 թվականի օգոստոսին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պատերազմ հայտարարեց նարկոկարտելներին և ստորագրեց Պենտագոնին ուղղված հրահանգ՝ լատինամերիկյան նարկոթրաֆիկի դեմ ռազմական ուժ կիրառելու մասին։ The New York Times-ի տվյալներով՝ այդ ժամանակ կարտելները փաստացի ճանաչվել էին ահաբեկչական կազմակերպություններ։
ԱՄՆ-ն ակտիվորեն մասնակցում է տարբեր երկրների համատեղ գործողություններին նարկոկարտելների դեմ պայքարում։ Ավելի վաղ Վաշինգտոնը Մեքսիկայի հետ համատեղ գործողության ընթացքում վնասազերծել էր նարկոբարոն Էլ Մենչոյին (Նեմեսիո Օսեգերա Սերվանտեսին), ինչի մասին Թրամփը նշել էր ԱՄՆ կոնգրեսին ուղղված իր ելույթում։
