Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) ավարտել է Իրանում ռազմական թիրախների ուղղությամբ հարվածների շարքը՝ գրոհելով զենքի և բալիստիկ հրթիռների արտադրության օբյեկտները։
Այս մասին հայտնում է բանակի մամուլի ծառայությունը։
«Որոշ ժամանակ առաջ իսրայելական ՌՕՈւ-ն, առաջնորդվելով ճշգրիտ հետախուզական տվյալներով, հարվածներ է հասցնել իրանական վարչակարգին պատկանող թիրախներին Թեհրանում և Իրանի կենտրոնական մասում՝ Սպահանում։ Իրանի ողջ տարածքում հասցված հարվածների ընթացքում ՑԱԽԱԼ-ի ուժերը գրոհել են արդյունաբերական օբյեկտները, որոնք իրանական վարչակարգն օգտագործում է զենքի, մասնավորապես՝ բալիստիկ հրթիռների արտադրության համար, որոնք սպառնալիք են ներկայացնում Իսրայել Պետության գոյության համար»,-ասված է հաղորդագրության մեջ։
***
Պակիստանը դիմել է Իրանին՝ կոչ անելով զերծ մնալ Սաուդյան Արաբիայի դեմ ռազմական գործողություններից։ Այս մասին հայտարարել է Պակիստանի փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար Իսհակ Դարը, հայտնում է Ary News-ը։
«Փոխվարչապետը հայտարարել է, որ Պակիստանի և Սաուդյան Արաբիայի միջև պաշտպանության ոլորտում առկա է համաձայնագիր։ Պակիստանը կապ է հաստատել Իրանի հետ և խնդրել նրան չհարձակվել Սաուդյան Արաբիայի վրա», — ասված է հաղորդագրության մեջ։
Ըստ Պակիստանի ԱԳՆ ղեկավարի՝ բանակցություններն ընթացել են հետևյալ տրամաբանությամբ.
Թեհրանն իր հերթին երաշխիքներ է պահանջել, որ Սաուդյան Արաբիայի տարածքը չի օգտագործվի իր դեմ (ամերիկա-իսրայելական հարվածների համար)։ Հաղորդվում է, որ Պակիստանի միջնորդությամբ Սաուդյան Արաբիան տրամադրել է անհրաժեշտ երաշխիքները։
Նշենք, որ Իրանի ԻՀՊԿ հրամանատարությունը սպառնացել էր հարվածել տարածաշրջանի «բոլոր տնտեսական կենտրոններին», եթե իրենց երկրի դեմ հարձակումները շարունակվեն։ Պակիստանի միջամտությունը կրիտիկական է, քանի որ Իսլամաբադը պարտավորված է պաշտպանել Սաուդյան Արաբիան պաշտպանական պայմանագրով։ Պակիստանը փորձում է կանխել լայնամասշտաբ սուննի-շիա բախումը, որը կարող է բռնկվել Իրանի շուրջ ստեղծված ճգնաժամի պատճառով։
***
Մեծ Բրիտանիան ծրագրում է HMS Duncan էսկադրային ականակիրն ուղարկել Միջերկրական ծով՝ Իրանի հարձակումներից հետո Կիպրոսում գտնվող իր «Ակրոտիրի» ռազմաբազան պաշտպանելու համար։
Այս մասին հայտնում է The Times պարբերականը՝ հղում անելով իր աղբյուրներին։
«Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Ջոն Հիլին հանդիպում է անցկացրել բարձրաստիճան զինվորականների հետ, որի ընթացքում քննարկվել է HMS Duncan նավն այս տարածաշրջան ուղարկելու հարցը», — պատմել են պարբերականի զրուցակիցները։
Մարտի 2-ին Կիպրոսի իշխանությունները և Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը հայտնեցին, որ Կիպրոսում գտնվող բրիտանական Ռազմաօդային ուժերի (ՌՕՈւ) բազան ենթարկվել է անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) ենթադրյալ հարձակման։ Հաղորդվել է «Ակրոտիրիի» շրջանում որոտացած հզոր պայթյունի մասին: Բազայում միացել է տագնապի ազդանշանը, իսկ ինքնաթիռները շտապ օդ են բարձրացել՝ հնարավոր նոր հարվածներից խուսափելու և օդային տարածքը հսկելու համար։
HMS Duncan-ի առաքելության մասին
HMS Duncan-ը հագեցած է ժամանակակից հակաօդային պաշտպանության համակարգերով և համարվում է բրիտանական նավատորմի ամենահզոր նավերից մեկը։ Դրա տեղակայումը Միջերկրական ծովի արևելյան հատվածում նպատակ ունի ստեղծել պաշտպանական վահան Կիպրոսի բազաների շուրջ, որոնք ռազմավարական նշանակություն ունեն Մերձավոր Արևելքում իրականացվող գործողությունների համար